Հունիսի 21-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է ՀՀ քրեական գործ՝ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Ըստ մեր տեղեկությունների, հունիսի 21-ին, ժամը 00:05-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Նաիրիի բաժին, որ իրենց մոտ են տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ 39-ամյա Համլետ եւ 41-ամյա Մարատ Ղազարյանները: Համլետը աջ անրակի շրջանում սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքով էր, իսկ Մարատը՝ կրծքավանդակի աջ կողմում սուր ծակող- կտրող վերքով:
Դեպքի վայրում էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը, Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Մարատ Դուրյանը, Նաիրիի ոստիկանապետ Կարեն Գինոյանը, նաեւ Նաիրիի քննչական բաժանմունքի փորձագետ Դավիթ Թովմասյանը:
Քննչական բաժինը պարզել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Արզնի-2 առողջարանի տարածքում:
Քննչական մարմինը ձեռնարկել է օպերատիվ քննչական միջոցառումներ, նշված երիտասարդներին դանակահարող անձին հայտնաբերելու համար: Դեպքի վայրից հայտնաբերվել եւ առգրավվել են արնանման հետքերով գարեջրի շշեր, իսկ դանակը՝ ծառի փչակում: Հայտնաբերված առարկաներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ քննիչի կողմից նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ: