Հայաստանի ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը օրեր առաջ հրապարակեց իր 4-րդ զեկույցը:
Դիտորդական խումբն ուսումնասիրել էր ՀՀ-ում առկա 40 ՁՊՎ-ների գործունեությունը՝ ըստ մարզերի:
2010թ. 30 դեպք է արձանագրվել, երբ ձերբակալված անձանց պահելու վայրերում եղել են հոգեկան, սուր վարակիչ եւ մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող մարդիկ:
Մինչդեռ, ՀՀ ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ների ներքին կանոնակարգի 179-րդ ենթակետի համաձայն՝ նման ձերբակալվածների չի թույլատրվում պահել ՁՊՎ-ներում:
Նշված անձինք ՁՊՎ-ի բուժաշխատողի կամ շտապ բուժօգնության բժշկի գրավոր եզրակացությամբ եւ դրա հիման վրա՝ ոստիկանության մարմնի պետի որոշմամբ պետք է փոխադրվեն հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:
Դիտորդները նշել էին նաեւ ՁՊՎ-ի օրական մեկ հերթապահով աշխատելը, ով միայնակ չի կարող ապահովել ձերբակալվածների զբոսանքը, սննդի տրամադրումը, հանձնուքի ընդունումը, տեսակցության տրամադրումը, զուգարանի ու լոգանքի հարցերը:
Այդ կապակցությամբ բերվեց մարզերից մեկում ինքնասպանության փորձ արած ձերբակալվածի օրինակը, երբ նրան այդ իսկ պատճառով չի հաջողվել փրկել:
Դիտորդական խումբը նշում է նաեւ, որ օրենքով նախատեսված 4 ժամի փոխարեն հաճախ ավելի երկար են հարցաքննում մարդկանց: Դեպքեր են եղել, երբ անձին պահել են ոստիկանության բաժանմունքում մինչեւ 55 ժամ:
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ «Այն փաստը, որ ձերբակալման ժամկետը չի համապատասխանում ձերբակալվածին ՁՊՎ տեղափոխելու ժամանակին, արդեն հիմնավոր կասկած է, որ անձի նկատմամբ կատարվել է ապօրինություն: Միայն Երեւանի 156 ձերբակալվածներից ավելի քան 50-ն ունեն վնասվածքների հետքեր: Նրանք պնդում են, թե ընկել են, գլուխն են խփել մի տեղ, բայց այդքան հաճախակի մարդիկ չեն կարող ընկնել»:
Սաքունցն առաջարկել է դիտորդական խմբի լիազորություններն ընդլայնել՝ թողնելով մուտք գործել նաեւ ոստիկանության բաժանմունքներ, որտեղ էլ հիմնականում կատարվում են մարդու իրավունքների խախտումները:
Դիտորդներն արձանագրել էին, որ նաեւ կանանց ու անչափահասների համար է բացակայում տաք ջուրը խցերում, ինչպես նաեւ ոչ մի ՁՊՎ-ում չկա կին աշխատակից, որի առկայության դեպքում կին ձերբակալվածներն ավելի քիչ կաշկանդված իրենց կզգան:
Դիտորդական խմբի զեկույցում կար մտահոգություն՝ կապված ձերբակալվածների համար օրական միայն 450 դրամ տրամադրելու հետ, բնականաբար, հնարավոր չէ դրանով ապահովել օրական 3-անգամյա սնունդը:
Իրավապաշտպանները առաջարկել են ամեն մարզում ստեղծել միայն մեկ ՁՊՎ եւ մյուս մոտ 30 ՁՊՎ-ները փակելու հաշվին տնտեսել գումարներ եւ այն օգտագործել ՁՊՎ-ների պայմանները բարելավելու համար: