Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 34 ա շենքի ներսի ջրի խողովակները վթարային վիճակում են՝ ճաքճքված են եւ ջրամատակարարման ժամերին շենքը լցնում են ջրով: Շենքի բնակիչները ջրի խողովակների ճաքած մասերն իրենց ուժերով ցեմենտապատել են, սակայն դա հարցին տվել է ժամանակավոր լուծում: Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացնում էին շենքի բնակիչները, խողովակների ժամանակավոր բարեկարգումն էլ է սկսել մաշվել: Նշենք, որ այս շենքի տանիքն էլ է վթարային վիճակում ու մանավանդ տեղումների ժամանակ անձրեւաջրերը լցվում են շենքի հարկեր՝ վնասելով էլեկտրաէներգիայի լարերը, պատերի սվաղը, ինչպես նաեւ բնակարանները: Այս մասին «Առավոտն» արդեն անդրադարձել է (28.04.2011, «Դեռ ծակ տանիքներ շատ կան»): Այս օրերին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ, այս շենքի տանիքը վերանորոգվում է, սակայն երբ տեղում աշխատող բանվորներին խնդրում են խողովակների հարցն էլ լուծել, որպեսզի արած գործը ջուրը չլցվի, նրանք պատասխանում են, որ դա իրենց աշխատանքների մեջ չի մտնում: Նշենք, որ շենքն ունի համատիրություն, որն էլ պատասխանատու է նման հարցերի համար: Թիվ 34 ա շենքի համատիրության նախագահ Էդիկ Կարապետյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ տանիքի վերանորոգումից հետո ջրի խողովակները փոխվելու են. «Ես բնակիչներին էլ եմ ասել այդ մասին, բայց նրանք, միեւնույն է, բողոքում են: Ամեն անձրեւի ժամանակ ես հանգիստս կորցնում եմ, որովհետեւ գիտեմ այդ շենքի խողովակների վիճակի մասին: Ասել եմ, որ կանեմ, թող տանիքը վերջացնեն, ես խողովակները կփոխեմ»: