Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-Ն ՉՈՔԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԲԿԻ՞Ն

Հունիս 23,2011 00:00

Այս կառույցի ստուգման վերջին թիրախը Գյումրիի շտապօգնության կայանն էր

Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայում կես տարի շարունակ ստուգումներ անցկացնելուց, մի շարք չարաշահումներ բացահայտելուց ու տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին կալանավորելուց հետո, Գյումրիի հիվանդանոցները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Մի այնպիսի լարված մթնոլորտ է ստեղծվել տարբեր բուժաշխատողների շրջանում, որ վերջիններս նեղսրտում են, թե հայտնի թալանչիներին թողած, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սեւեռվել են սոված-ծարավ հիմնարկներում կոռուպցիոն ռիսկեր ման գալու վրա: «Էս երկրի դղյակատերերը բժիշկնե՞րն են», – զայրացած հարցնում են նրանք:
 Երկու ամիս է՝ ԱԱԾ-ն ստուգումներ էր կատարում Գյումրիի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում, հիմնականում ուսումնասիրում էր բենզինի ծախսերն ու ավտոպահեստամասերի ձեռքբերումը: Այս նպատակով ԱԱԾ-ն գիշեր-ցերեկ քննում էր շտապօգնության մեքենաների վարորդներին: Նշենք, որ ի տարբերություն Գյումրիի իտալական պոլիկլինիկայի, որտեղից կոնկրետ բողոք էր ուղղվել ԱԱԾ-ին՝ տնօրեն Տաթեւիկ Փանոսյանի դեմ (կրճատված բուժքույրերից մեկը բողոքել էր իրենից «հախ» վերցնելու ու այդպես էլ աշխատանքից վռնդելու համար), Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շտապօգնության կայան եկել էին առանց հրավերի՝ ինքնակամ:
Ստուգումներն արդեն ավարտված են, աղմկոտ փաստեր կարծես թե հայտնաբերված չեն: «Առավոտը» շտապօգնության տնօրեն Ռոբերտ Թորոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր իրենց կառույցում այդքան հետաքրքրել ԱԱԾ-ին եւ կա՞ն, արդյոք, բացթողումներ: «Մոտ երկու շաբաթ են եղել մեզ մոտ ու հիմնականում ստուգել են նյութատեխնիկական բազան՝ բենզինի, պահեստամասերի եւ դեղորայքի ծախսը: Մեծ խնդիրներ մենք չունենք, իհարկե՝ թերություններ կան, որոնք կուղղվեն, բայց ավելի շատ տեխնիկական բնույթի են, նյութական բնույթի մենք, փառք Աստծո, չունենք»,- կարճ-կոնկրետ տեղեկացրեց շտապօգնության տնօրենը:
Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ են շտապօգնության նոր մեքենաներ հատկացնել Գյումրիին: Այս կառույցի մեքենաներն այնքան հին են, որ մի տարի առաջ բողոքի դուրս եկած տաքսու վարորդները ձեռ էին առնում. «Եթե էդքան շատ են մտածում ուղեւորների մասին ու մեզ արգելում են հին մեքենաները որպես տաքսի օգտագործելը՝ պատճառաբանելով, որ իբրեւ թե մարդկանց կյանքին վտանգ է սպառնում, լավ կանեն առաջին հերթին շտապօգնության մեքենաները փոխեն, մինչեւ տեղափոխում են՝ կեսճանապարհին հիվանդին կորցնում ես. մեքենայից կորչում է»: Ռոբերտ Թորոսյանը տեղեկացրեց, որ առողջապահության նախարարության կողմից մշակված բարեփոխումների ծրագրի շրջանակներում 6 նոր արտասահմանյան «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենաներ են հատկացվելու Գյումրիին, որոնցից 5-ը գծային բժշկական աշխատախմբերի ավտոմեքենաներ են, իսկ 1-ը՝ վերակենդանացման՝ ռեանիմացիայի: «Ավտոպարկի թարմացումը միանգամից դեպի լավը կշարժի մեզ, մեր ավտոպարկը հին է, մեր մեքենաների միջին տարիքը 20-22 էր, մենք ծրագրել, ներկայացրել ենք մարզպետին, մեր մեքենաներից մի քանիսը՝ մոտ 4-5 «գազելներ», որոնք նորմալ վիճակում են, կպահենք»:
Շտապօգնության տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ բարեփոխումների ծրագրով 2 անգամից ավելի բարձրացրել է շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը. բուժքույրերի աշխատավարձը այս տարվա հունվարից՝ 35000 դրամից հասել է 75000 դրամի, գիշերավարձով մոտ 85000 դրամ է կազմում, վարորդներինը՝ 35000-ից հասել է 70000-ի, գիշերավարձն էլ ներառյալ՝ 83000 դրամ, իսկ բժիշկներինը՝ 45000-ից հասել է 120000 դրամի: Բարեփոխումների ծրագրում հետաքրքիրն այն է, որ վերապատրաստվել են նաեւ հիմնարկի վարորդները, որոնք այսուհետեւ ոչ միայն վարորդ են, այլ նաեւ սանիտար, որոնք պետք է կարողանան առաջին բժշկական օգնությունը ցուցաբերել հիվանդին: Ի դեպ, նախորդ օրը Գյումրի այցելած առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղեկացրեց, որ այսօրվանից կսկսեն 88 նոր շտապօգնության ավտոմեքենաների տրամադրումը Երեւանին ու մարզերին՝ ըստ իրենց պահանջարկի: Նախարարն էլ տաքսու վարորդների պես խոստովանում է, մեքենաները 100% մաշված էին ու այլեւս պիտանի չէին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել