2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 332.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81%-ով եւ 72.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 38.7%-ով, ծախսերի գծով՝ 35.4%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախատեսված 56.2 մլրդ դրամի դիմաց:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8,9%-ով կամ 26.6 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10,5%-ով (29,3 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 9%-ով (1.6 մլրդ դրամով), իսկ արտաքին աղբյուրներից ստացվել են ընդամենը 227 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ նախորդ տարվա 1,4 մլրդ դրամի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտների 95%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը՝ այլ եկամուտների, 0.1%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2011 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 332,4 մլրդ դրամի ծախսեր՝ կազմելով կիսամյակային ծրագրի 72,5%-ը: Մասնավորապես՝ 304 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 28.3 մլրդ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: