Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ զբոսաշրջիկ չենք կարող ընդունել

Հունիս 23,2011 00:00

«Եթե որեւէ հաշմանդամ փորձի գալ Հայաստան, www.hotel.am կայքում իրեն հարմար ընդամենը մեկ հյուրանոց կգտնի: Սա անթույլատրելի բան է՝ դրսի նայողը կասի՝ էս ի՞նչ հետամնաց երկիր է, որ հաշմանդամներին սպասարկելու համար մեկ հյուրանոց ունի, այն էլ՝ 2 կամ 3 համարով: Սա ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին զբոսաշրջության խնդիր է»,- երեկ «Անի Պլազա» հյուրանոցում «Անարգել տեղաշարժ՝ իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում «Մարդու իրավունքները եւ քաղաքաշինությունը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանին հարց ուղղեց «Աստղիկ» հ/կ-ի նախագահ Լեւոն Ներսիսյանը: Մ. Ապրեսյանը միայն համաձայնեց, որ բարձրացված խնդիրներն իրականում կան եւ ակտուալ են: Նրա փոխանցմամբ, գերակա համարվող զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի նախագիծ է մշակվել եւ ներկայացվել կառավարությանը, ըստ որի. «Նախկին դրույթի փոխարեն, որտեղ նշված էր, որ միայն մուտքը պետք է հարմարեցված լինի, դրույթը հետեւյալ ձեւակերպումն է ստացել: Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն նվազագույն հյուրանոցային ծառայություններից օգտվելու հնարավորություններով, այսինքն՝ հաշմանդամը պետք է կարողանա օգտվել սանհանգույցից ու ունենա գիշերակացի հնարավորություն»: Սննդի ապահովումը, ըստ Մեխակ Ապրեսյանի, նվազագույն պայմաններից չէ:
«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ խոսեց նոր կառուցված գետնանցումների մասին, որոնցում թեքահարթակների թեքությունը 1/12-ի հարաբերակցության փոխարեն 1/4 է կամ 1/5: «Այդ թեքահարթակների վրայով կասկադյորներն էլ չեն կարող բարձրանալ: Ինչի՞ համար են էդ փողերը ծախսում, ափսոս չե՞ն պետական գումարները»,- հարցնում էր Ա. Ալավերդյանը: Նրա խոսքով, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում էլ հաշմանդամների համար նախատեսված վերելակի դռները միշտ փակ են, եւ դրանք կարող են բացվել միայն մի քանի աշխատողների միջոցով: Խոսելով նորակառույց շենքերում թեքահարթակների մասին՝ նա օրինակ բերեց հենց քաղաքապետարանի դիմաց կառուցված նորակառույցը, որն ունի թեքահարթակ, սակայն այն տանում է անհայտ ուղղությամբ՝ պահեստ կամ նմանատիպ մի վայր, իսկ հաճախորդներին սպասարկելու համար կա 4 աստիճան. «Երբ ասում ես՝ ո՞նց հասնես, սեքյուրիթին ասում է՝ տեղ չկա, բայց կօգնենք, ախպե՛ր ջան»: Մեկ ժամից ավելի տեւած քննարկումից հետո մասնակիցները՝ «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը, Քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը եւ այլք, այդպես էլ չկարողացան պատասխանել հարցին՝ ո՞վ է պատասխանատու այն կառույցների համար, որոնք հաշմանդամներին հարմար չեն: Փոխարենը «մեղավոր հանեցին» մամուլին, որը, ըստ նրանց, անհրաժեշտ չափով չի անդրադառնում իրենց խնդիրներին: Ըստ Գ. Սարգսյանի՝ նախագծի եւ դրա իրականացման որեւէ փուլում նախատեսված նորմերի ինչ-ինչ խախտումների դեպքում պետական տեսչությունն իրավասու է տուգանել պատասխանատուներին։ Տուգանքը կազմում է 50-200 հազար դրամ՝ կախված խախտման չափից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել