Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ Է ՀԱՆՔԵՐԸ

Հունիս 23,2011 00:00

\"\"Վստահեցնում է Հրանտ Բագրատյանը

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, Հայաստանի տնտեսությունում դրական միտումներ չեն նկատվում: Նրա խոսքով, աճում է միայն հանքարդյունաբերությունը. «Որովհետեւ հարձակվել են բնության վրա, ամեն սարի գլխին մի հատ էքսկավատոր կանգնած՝ ավազի հանք է տաշում: Հանքերն ենք բռնաբարում: Էլ անտառների մասին չեմ խոսում, մեզ էին ասում, թե մութ ու ցուրտ տարիներին անտառների մի քանի տոկոս պակասել էր: Հայաստանում 13%-ից 4% անտառ է մնացել»: Պարոն Բագրատյանն անթույլատրելի է համարում հանքարդյունաբերությունը օֆշորային գոտում գրանցված ընկերություններին հանձնելը. «Ոչ մի օֆշոր չպետք է աշխատի, օֆշորս ո՞րն է: «100 քայլում» գրել ենք՝ ամեն տարեվերջին ԱԺ բյուջեն հաստատելու հետ պետք է նաեւ հանքի վաճառքի գինը հաստատեն եւ ֆորմուլան, թե հանքանյութի՝ համաշխարհային գների փոփոխության դեպքում ինչքան է փոխվում պետության հասանելիքը: Երկիրը էս դեպքում երկիր կդառնա, ու կունենանք հինգ միլիարդանոց բյուջե»: Պարոն Բագրատյանին զայրացնում են Վիճծառայության հրապարակած տնտեսական աճի ցուցանիշները: Նրա համոզմամբ, միտումնավոր են խեղաթյուրում. «Խաղ են խաղում: Մի ամիս մի թիվ են ասում, հաջորդ ամիս՝ մեկ այլ թիվ: ՀՆԱ-ի իրական աճի հաշվառումն էլ պետք է արվի առանց հանքարդյունաբերության»:
Պարոն Բագրատյանը ասաց, որ ՀԱԿ-ը իշխանությունների հետ տնտեսական հարցերի շուրջ բանակցությունների գնալու անհրաժեշտություն չի տեսնում, որովհետեւ արդեն ներկայացրել են իրենց «100 քայլը». «Մենք ասացինք, տղա՛, էդ ձեր կենսաթոշակային ծրագիրը չի աշխատի, պետությունը չի արող կորպորատիվ կենսաթոշակ տա աշխատողի հետ, պետք է գործատուն անի: Մի՛ գնացեք Ռուսաստանի ճանապարհով, սակայն ոչ մի արձագանք»: Պարոն Բագրատյանը հիշեցրեց նաեւ ՀԱԿ-ի ներկայացրած մյուս ծրագրերը՝ առողջապահական, հանրակրթական, գիտության ոլորտից, ու կարծիք հայտնեց, որ լրագրողներն ավելի շատ են հասկանում տնտեսությունից, քան կառավարության աշխատակիցները. «Ես գնամ, էս բաները ո՞ւմ բացատրեմ, ձեզանից շատերը էս բաներն ավելի լավ գիտեն, քան Տիգրան Սարգսյանը: 2008-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով աշխարհում 114-րդ տեղում էինք, հիմա՝ 144-րդ տեղում: Մնաց երեսուն երկիր, որ վերջին շարքերում հայտնվենք»:
Վերջում նա հավելեց, որ իշխանությունները պետք է պաշտոնից հեռացնեն գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա ընդունակ չէ որեւէ բանի: «Թող գոնե, ասենք, էսօր բռնի` Տիգրան Սարգսյանին հանի: Որեւէ կարիք չկա էդ տղուն պահելու»։ Նա իր առաջարկը հիմնավորեց, ասելով, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսօր տնտեսագիտորեն որեւէ ճիշտ որոշում չի կայացնում, եւ որեւէ ոլորտ չի զարգանում: «Թող մի բան անի Սերժ Սարգսյանը, թող Գալուստ Սահակյանին դնի։ Շատ ավելի հետաքրքիր կլինի, նա գոնե ոչինչ չի անի:  Ի՞նչ կա, չի՞ կարելի գտնել որեւէ մեկին ու խնդրել, որ ոչինչ չանի»,- առաջարկեց նախկին վարչապետը:  Նա նաեւ առաջարկեց իր օգնությունը Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարության անդամներին, եթե նրանք ընկալունակության խնդիր ունեն. «Կբացատրեմ, թե որը որից հետո է»:
Հարցը, թե կցանկանա՞ր Բագրատյանը վարչապետ աշխատել Սերժ Սարգսյանի վարչակազմում, ՀՀ նախկին վարչապետին անակնկալի բերեց, եւ նա այսպես արձագանքեց. «Եթե մորաքույրս տղա ծնված լիներ, ապա քեռիս կլիներ»: Իսկ վարչապետի հավանական թեկնածու նա առաջարկեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին. «Հավատացեք, նա ավելի լավ թեկնածու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել