ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, հակադարձելով Մեւլութ Չավուշօղլուի երկու օր առաջ մամուլի ասուլիսում հնչեցրած այն պնդմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում ժամանակին եղել են նախապայմաններ, սակայն դրանք փաստաթղթում պարզապես նշված չեն, ասաց, որ «դրանք պարզունակ խեղաթյուրումներ են», որ հայ-թուրքական գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների. «Եվ դա է նաեւ պատճառը, որ արձանագրություններում որեւէ նախապայման չկա, արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա ԱԳ բոլոր նախարարները բազմիցս հայտարարել են, որ այդ երկրները սպասում են առանց նախապայմանների արձանագրությունների վավերացմանը եւ առանց նախապայմանների իրականացմանը: Հիշեցնեմ, որ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ Հայաստանն անցել է իր ճանապարհը, Թուրքիան պետք է կատարի իր վրա վերցրած պարտականությունները, եւ որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, այնպես որ, չեմ կարծում՝ տեղին է ապարդյուն փորձեր կատարել՝ պատասխանատվությունն այլ կողմի վրա դնելու»: