ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի պատասխանները «Առավոտի» հարցերին:
– Պարոն Հարությունյան, մեր պատվիրակության կողմից հայտարարված՝ ադրբեջանցիներին չպատասխանելու մարտավարությունն արդյոք ճի՞շտ է, եւ դա արդյոք այստեղ ադրբեջանցիներին հնարավորություն չի՞ տա անարգել գործել, չէ՞ որ, միեւնույն է, իրենց ոչ ոք չի հակադարձելու:
– Իհարկե, միշտ չէ, որ լռությունը արդարացված է, սակայն կան պահեր, երբ լռությունը ոսկի է, եւ սա հենց այդ պահն է: Կարեւորը՝ պետք է ունենալ բավարար իմաստնություն՝ ճիշտ գնահատելու այդ պահը:
– Եթե ԼՂՀ հարցով վերակենդանացված ԽՎ ենթահանձնաժողովը ինչ-ինչ որոշումներ կայացնի, դրանք որքանո՞վ կլինեն իրավական կամ լեգիտիմ:
– Իրավական մասը չեմ էլ ուզում քննարկել, որովհետեւ երեւի թե միշտ էլ հնարավոր է որոշում կայացնել մեծամասնությամբ, բայց միշտ չէ, որ մեծամասնությունը որոշում ընդունելու լավագույն ձեւն է, որովհետեւ քվեարկությամբ կարելի է որոշել, որ մածունը սեւ է, իսկ ի՞նչ է՝ մածունը սե՞ւ է:
– ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման լռության մասին որոշում պետք էր ավելի վաղ ընդունել, եւ այդ պարագայում չէին լինի մի քանի ոչ հայանպաստ բանաձեւեր:
– Ես կարծում եմ՝ բանաձեւերը կարող էին լինել, սակայն նրանց արժեքը շատ ցածր կարող էր լինել, համաձայն եմ պարոն Ռուստամյանի հետ, կիսում եմ այդ մոտեցումը, իսկապես՝ 1416-ի ժամանակ մենք պետք է որդեգրեինք այլ մարտավարություն: