«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց Թուրքիայի կառավարության անդամ Էգեմեն Բաղիշը, որին հիշեցրել էինք հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարի տեսակետը, թե չնայած իշխանության կարգախոսին՝ «զրո խնդիր հարեւանների հետ»՝ Թուրքիան այժմ չունի որեւէ հարեւան, որի հետ չունենա խնդիր:
«Ես համոզված եմ, որ մտքում ունեք հարցեր 1915-ի մասին իմ տեսակետի վերաբերյալ, ուստի նախապես պատասխանեմ դրանց,- ICFJ-ի «Նոր մեդիա, նոր մարտահրավերներ» ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր խոսքի նախաբանում նշեց վերջին 9 տարում Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներից մեկը՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների նախարար Էգեմեն Բաղիշը:- Ես իրականում չգիտեմ, թե հստակ ինչ է տեղի ունեցել: Բայց գիտեմ, որ ցավ կա երկու կողմից էլ: Մենք չենք կարող փոխել պատմությունը: Աբրահամ Լինքոլնին մի առիթով հարցրել են, թե ով էր իր պապը, պատասխանել է՝ չգիտեմ, ինձ առավել մտահոգում է, թե ով կլինի իմ թոռը: Կարծում եմ, մենք հնարավորություն ունենք՝ կարող ենք աշխատել միասին, որ այլեւս ոչ ոք, ոչ մի ազգ ու երկիր ցավ չզգա ապագայում»: Մի թեւավոր խոսք էլ հավելեց. «Անցյալի դժվարությունները մագնիսի պես հետ են ձգում՝ փոխանակ առաջ շարժվենք եւ կերտենք ավելի լավ ապագա մեր բոլորի համար: Բայց կարծում եմ, որ դա հնարավոր է, եւ այն փաստը, որ թուրք, հայ եւ ամերիկացի լրագրողները ճանապարհորդում են միասին՝ ապացուցում է, որ սա միայն երազանք չէ, սա իրականություն է: Եթե դուք կարող եք միասին լինել, ուրեմն՝ կարող են նաեւ քաղաքական գործիչները: Կարծում եմ, որ կարեւոր օրինակ ունեք՝ հետեւում եք նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Աբդուլա Գյուլին, որոնք համարձակ քայլ ձեռնարկեցին՝ երկուսն էլ: Եվ կարծում եմ, որ պետք է շարունակվի այդ գործընթացը: Այո, կան դժվարություններ: Իհարկե, Ադրբեջանի հարցը շատ զգայուն է թուրքական հասարակական կարծիքի համար, եւ մենք նաեւ այդ հարցը պետք է հաշվի առնենք: Բայց կարծում եմ՝ եթե կամք լինի, կգտնվի ճանապարհ: Կարծում եմ, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը եւ նրանց շուրջ գտնվող մարդիկ կարող են գտնել ելք, որը նաեւ անդրադարձ կունենա Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների վրա: Բայց մենք չենք կարող ձեւ անել, թե գոյություն չունի Ադրբեջանի խնդիրը: Փաստ է, որ Թուրքիայի համար Ադրբեջանը շատ կարեւոր երկիր է՝ դաշնակից, էներգետիկայի մատակարար, հարեւան, առեւտրային գործընկեր, երկիր, որի հետ ունենք արյունակից բարեկամություն: Ուստի չենք կարող անտեսել նրա կարծիքը»:
Թեեւ այս նախաբանի վերջին մասը բավարար էր՝ լրացնելու հերթական ապացույցների շարքը, որ Թուրքիայի իշխանական գործիչները ԼՂ խնդիրը նախապայման են համարում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ Էգեմեն Բաղիշին «Առավոտը» հարցեր ուղղելով՝ վկայակոչեց նաեւ մեկ այլ օրինակ:
– Թուրքական կողմի նախապայմանների մի վերջին օրինակը նշեմ. Ձեր կուսակցության անդամ Մեւլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն կապված են նրանով, թե Կազանում կլինի՞ համաձայնագիր. «Թուրքիան ունի որոշակի պայմաններ, ինչի մասին Թուրքիայի վարչապետը մի քանի անգամ մեկնաբանություններ է արել: Եվ եթե այդ պայմանները կատարվեն, կարծում եմ, որ արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում»: Սակայն ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ միջազգային հանրությունը՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, համարում են, որ արդարացի չէ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները որեւէ երրորդ կողմի պահանջների հետ փոխկապակցելը: Չե՞ք կարծում, որ նման փոխկապակցումը դարձավ կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը:
– Տեսականորեն դուք կարող եք ճիշտ լինել, թե ինչո՞ւ ենք մենք ձգտում փոխկապակցել Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը: Բայց մենք տեսության աշխարհում չենք ապրում՝ մենք ապրում ենք պրագմատիզմի եւ իրականության աշխարհում: Ադրբեջանը Թուրքիայի համար շատ ռազմավարական երկիր է, որի մասին մենք հոգ ենք տանում: Եվ նրանց տարածքի 20%-ը բռնազավթված է, ու շուրջ 1 միլիոն մարդիկ էլ 10 տարուց ավելի տնազուրկ են: Ժամանակն է քննարկել այդ հարցը:
Ինչո՞ւ չգնալ դեպի մեծ համաձայնություն՝ գտնել փոխհամաձայնություն Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջեւ եւ կայունություն հաստատել ողջ Կովկասում: Ինչո՞ւ պետք է անտեսենք այլոց խնդիրները: Հատկապես, երբ նրանք այդքան զգայուն են նրա նկատմամբ, ինչ կատարվել է 100 տարի առաջ: Բայց մենք չենք ուզում լուծել խնդիրը, որն առկա է հենց հիմա: Մարդիկ այժմ տառապում են՝ եկեք լուծենք նրանց խնդիրները, մինչեւ պատմությանն անդրադառնալը:
– Սակայն հենց ձեր կուսակցությունն է ազդարարել «հարեւանների հետ զրո խնդիրների» քաղաքականությունը, թեեւ ինչպես մեր հանդիպման ընթացքում ասաց ընդդիմադիր ուժի ղեկավարը. «Այժմ հարեւան չի մնացել առանց որեւէ խնդրի»: Հավելեմ, որ մի հարեւանի՝ Հայաստանի հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեք: Եթե «զրո պրոբլեմների քաղաքականությունը» միայն բառեր չեն՝ Թուրքիայի իշխանությունն ունի՞ բավարար կամք՝ վերացնելու այս բացառությունը:
– Մենք չենք ուզում որեւէ խնդիր՝ մենք ուզում ենք զրո խնդիրներ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ: Բայց մենք նաեւ ուզում ենք, որ մեր հարեւաններն էլ զրո խնդիրներ ունենան իրենց հարեւանների հետ: Դա անհնարին չէ: Եթե Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունները սրան վերաբերվեն ավելի լրջորեն եւ բավարար ճնշում գործադրեն երկու երկրների վրա՝ լուծումը, որը կդառնա վերջնական, կլինի իրական փոխզիջումը: Կարելի է գտնել բանաձեւ, որ երկուսի էլ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի համար նպաստավոր չի լինի, երկուսին էլ կհիասթափեցնի, մի բան, որ հավասարակշռված կլինի երկու երկրների համար էլ: Դա հնարավոր է: Ես բանակցող եմ, ուրախ եմ, որ Թուրքիայի գլխավոր բանակցողն եմ: Ես գիտեմ, որ եթե բավականաչափ բանակցում եք՝ միշտ գտնվում է բանաձեւ: Դա ժամանակ է պահանջում, շատ նյարդեր, բայց դա անհնարին չէ: Չեմ կարծում, թե եղել են բավարար բանակցություններ: Չեմ կարծում, թե նրանք տրամադրել են բավարար ժամանակ: Բայց հենց այս խնդիրը լուծվի՝ այն դուռ կբացի այդ տարածաշրջանում շատ այլ հնարավորությունների համար:
Հ. Գ. ԵՄ անդամակցության համար 10 տարուց ավելի բանակցող նախարարն այս հանդիպման ընթացքում տարածաշրջանում խաղաղությունը եւ զարգացումը նաեւ պայմանավորեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությամբ. «Երբ Թուրքիան դառնա ԵՄ անդամ՝ բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը, կդառնան ԵՄ հարեւաններ, եւ դա բարգավաճում ու խաղաղություն կբերի նրանց էլ: Այս մոտեցումը հուսով եմ՝ կմտապահեք, եւ կունենանք նաեւ ձեր աջակցությունը»: Մինչդեռ Անկարայում այս հանդիպումների ընթացքում ոչ միայն ընդդիմադիր կուսակցության ղեկավարից, այլ նաեւ «Ջումհուրիեք» օրաթերթի Անկարայի գրասենյակի ղեկավարից լսեցինք նույն տեսակետը, որ եթե ղեկավարման առաջին շրջանում իշխող կուսակցության կապերը ԵՄ-ի հետ լավ էին, երկրորդ շրջանից այլեւս կանգ են առել. «Կառավարությունը 2005-ից կորցրել է էնտուզիազմը եւ կամքը՝ դառնալու ԵՄ անդամ»: