ԱԱԽ քարտուղար, Հայաստանի Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում երեկ հանդիպել է Հոլանդիայի մի շարք սոցիալական բնակարանային հիմնադրամների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ: «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության խորհրդի նախագահ Բերտ վան Նյուվանհայզենի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու լայնածավալ համագործակցության ծրագիր՝ օգտագործելով այս բնագավառում հոլանդական լավագույն փորձը: «Վոոնբրոնը» կաջակցի Հայաստանում բնակշինարարության ոլորտում ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման հարցերում, ինչպես նաեւ կցուցաբերի տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի կարիքների գնահատման եւ հետագա զարգացման գործընթացում: Եվրոպական «Սեկոդասի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու բանակցային գործընթաց Հայաստանի Ազգային բնակարանային ասոցիացիայի՝ «Սեկոդասի» ասոցացված անդամ դառնալու շուրջ: «Սեկոդասը» սոցիալական բնակարանային հիմնադրամները միավորող համաեվրոպական ցանց է, որին անդամակցում են ԵՄ անդամ 27 երկրներ: Կազմակերպության փոխնախագահ Ռուդի դե Յոնգի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում իրականացնելու սոցիալական բնակարանային համակարգի զարգացման ծրագիր՝ բնակարանային հիմնադրամների համաեվրոպական ցանցի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ:
Այնուհետեւ Հայաստանի Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի նախագահ Էրիկ Բերժեն ստորագրել են պայմանագիր Հայաստանում սոցիալական բնակարանային ոլորտում ներդրումային ծրագրերի պորտֆելի ձեւավորման համար՝ առաջին փուլում շուրջ երեք միլիոն եվրո ընդհանուր ծավալով աջակցություն, որն ուղղվելու է Հայաստանում ցածր եւ միջին եկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Այս ծրագրերի կենսագործման համատեքստում «Գրին վեստ» սոցիալական բնակարանային կազմակերպության հետ քննարկվել եւ հաստատվել է ԱՍԲԱ-ի ներդրումային ծրագրերին երաշխիքներ տրամադրելու հարցը, իսկ «Նորհուստ» շինարարական կոնցեռնի հետ քննարկվել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաներով բնակարանային շինարարության հարցը, ինչը կնպաստի սոցիալական բնակարարանների մատչելիության բարձրացմանը: Առաջին սոցիալական բնակարանները կսկսվեն կառուցվել արդեն այս տարվա աշնանը: Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Դիլիջան, Աշտարակ, Ապարան, Հրազդան եւ Վեդի քաղաքները, որտեղ նախատեսվում է առաջին երեք տարում կառուցել մինչեւ 1000 բնակարան ցածր եկամուտներ ունեցող անձանց համար: