Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք սովորում ենք ողջ հասարակությամբ

Հունիս 23,2011 00:00

Հատվածներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ԵԽԽՎ-ում

2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավեճերից: Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից: Թույլ տվեք այսօր հարգանքի եւ գնահատանքի խոսքեր հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտին, Կոլոմբիեին եւ Ֆիշերին, ինչպես նաեւ հանձնակատար պարոն Համմարբերգին՝ իրենց արդյունավետ եւ հետեւողական ներգրավվածության համար: Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարեւորությունը եղել եւ մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը: Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով է բացատրվում նաեւ վերջին երեք տարիների եւ մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը: Նման վճռականությունը նաեւ շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով բոլոր կառույցների համապարփակ եւ շարունակական բարեփոխումների առանցքը…
Մենք սովորում ենք: Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:
Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին: Մենք հանդուրժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարեւորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք ամաչում, առողջ քննադատությանն ականջալուր լինելով, փոխել մեր իսկ կայացրած որոշումները: Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով: Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում:
Այս դահլիճում՝ խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ եւ շատ կարեւոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել, եւ որը մեծ ջանք ու հետեւողականություն է պահանջում: Եվ մենք պատրաստ ենք դրան ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար:
2008 թվականի քաղաքական ճգնաժամը ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր՝ ստիպելով մեզ բազմապատկել մեր ջանքերը: Արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը: Ընթանում են համակարգային արմատական բարեփոխումներ ոստիկանության ոլորտում: Մշակվում է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է իսկապես լուծի դատարանների անկախության երաշխավորման՝ առաջնահերթ համարվող խնդիրը: Կարեւոր փոփոխություններ կատարվեցին զանգվածային անկարգություններին ու իշխանությունը բռնությամբ զավթելուն վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:
Հավաքների ազատությունը երաշխավորելու նպատակով ամբողջովին վերանայվեց համապատասխան օրենքը: Նոր օրենքը հիմնված է լիովին այլ փիլիսոփայության վրա՝ ելնելով հավաքների ազատության եւ ոչ թե սահմանափակման կանխավարկածից: Այդ օրենքի սահմաններում պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի օրինական գործողությունները:
Այսօր մեր պետական-քաղաքական օրակարգում նաեւ կոռուպցիոն ռիսկերի եւ բյուրոկրատական ընթացակարգերի վերացման նպատակով ողջ օրենսդրության համակողմանի վերանայման խնդիրն է դրված: Ստեղծվել եւ արդյունավետորեն գործում են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ու Հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողով: Արդեն իսկ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ապահովել 600-ից ավելի բարձրաստիճան հանրային ծառայողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հրապարակայնությունը, շահերի բախման հայտնաբերումն ու էթիկայի կանոնների պահպանումը: Լուրջ աշխատանքներ են իրականացվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը կատարելագործելու ուղղությամբ: Ընդունվեց զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, ինչը նշանակալի քայլ էր խոսքի ազատության ասպարեզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել