Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Հունիս 23,2011 00:00

\"\" Սերժ Սարգսյանը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնարար երեք սկզբունքներից ոչ մի քայլ ետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն դիմավորեց գրեթե գրկաբաց, լայն ժպիտը դեմքին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներին ողջունելուց հետո ՀՀ նախագահը գրառում կատարեց «Ոսկե» գրքում: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ապա՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպումներին լրագրողները չմասնակցեցին:
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահը եւ Թորբյորն Յագլանդը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Ի պատասխան ադրբեջանցի լրագրողի՝ կազանյան հանդիպումից ակնկալիքներին վերաբերող հարցին ՀՀ նախագահն ասաց. «Ես լավ տրամադրությամբ եւ կառուցողական խոսակցություն վարելու ակնկալիքով եմ գնում Կազան: Բավական երկար բանակցային պրոցես ենք անցել, շատ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները հստակ են, եւ, կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի կողմերն իրենց վերջնական կարծիքն ասեն հիմնարար սկզբունքների մասին»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում նախապես էր հետաքրքրություն առաջացրել: ՀՀ նախագահը իր ելույթում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում կարեւորագույնը, որ տալիս է Եվրոպայի խորհուրդը՝ հանդուրժողականության արմատավորումն է. «Այս տեսանկյունից մենք ցավով եւ անհանգստությամբ ենք արձանագրում, որ Եվրախորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի եւ անհանդուրժողականության օջախներ: Ընդամենը վերջերս՝ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության եւ ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցավալի է, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Եվրախորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը»:
Խոսելով կազանյան հանդիպման մասին՝ ՀՀ նախագահն ասաց, որ այդ հանդիպման նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները. «Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որեւէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը՝ դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն, եւ կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ»:
ՀՀ նախագահը չթաքցրեց, որ Եվրոպայի խորհրդից ակնկալվում է՝ «Առաջին հերթին՝ չվնասել գործընթացը: Ոչ լիարժեք տեղեկացված քննարկումները, իրենց կարճաժամկետ ներազդեցությամբ, կողմերին հնարավորություն են տալիս խուսանավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ներքո ընթացող բանակցությունների շրջանակում ձեւավորվող երկարաժամկետ լուծումներից: Վստահ եմ, որ ԵԽԽՎ մեր գործընկերների ճնշող մեծամասնությունը երբ արտահայտել, արտահայտում կամ արտահայտելու է ցանկություն Ղարաբաղին առնչվող որեւէ հարցի քննարկման կապակցությամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացավությունից եւ բարի կամքից ելնելով: Բայց, միաժամանակ, չի կարելի բացառել նաեւ պակաս տեղեկացվածության պայմաններում իրականացվող քայլերի հնարավորությունը, ինչն իրականում մեծապես կարող է վնասել ողջ գործընթացը: Հետեւաբար, փոքր-ինչ զգոն լինելու կոչ-խնդրանքով եմ դիմում բոլորին: Եվ չվնասելը պետք է դառնա հիմնական ուղենիշ»:
ՀՀ նախագահին հարցեր տալու համար նախապես հերթագրված երկու տասնյակից ավելի պատգամավորներից միայն հինգին հաջողվեց հնչեցնել իրենց հարցերը: Նիստը նախագահող Մեւլութ Չավուշօղլուն կանխավ խնդրեց հարցը ձեւակերպել կանոնակարգով սահմանված 30 վայրկյանների մեջ եւ ոչ թե ելույթ ունենալ:
Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, որեւէ երկրի նախագահի ելույթի եւ դրանից հետո հնչող հարցերը պետք է տեղավորվեին մեկ ժամվա մեջ: Սերժ Սարգսյանը խոսեց շուրջ 30 րոպե, որից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Մեր երկրի նախագահին ուղղված հարցերը Ղարաբաղի, մարտի մեկի եւ հայկական ատոմակայանի անվտանգության մասին էին: Ի դեպ, որոշ հարցերի պատասխաններից հետո հնչեցին ծափեր: Հայկական պատվիրակությունից միայն Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց, ասելով, թե 95-ից ի վեր մեր երկրում արդար ընտրություններ չեն եղել, եւ ՀՀ նախագահը մտադիր չէ՞ հեռանալ ինքնակամ եւ հնարավորություն տալ արտահերթ ընտրությունների: Այս հարցից հետո լրագրողների օթյակում՝ մեզնից մեկ շարք ներքեւ նստած ադրբեջանցի երկու լրագրող փորձեցին կիսատ-պռատ ծափահարել: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ իսկապես ընտրությունների նկատմամբ հասարակական վստահության պակաս կա, եւ քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է նպաստեն նման վստահության ձեւավորմանը, սակայն արտահերթ ընտրություններ նա չի պատրաստվում անցկացնել, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը, ինչպես նաեւ օրինական հիմքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել