Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԵԼԸ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ՀԱՃՈՒՅՔ Է

Հունիս 22,2011 00:00

Նրանք միջինը 3 անգամ շատ են խոսում, քան տղամարդիկ

\"\"

ՈՉ մեկի համար գաղտնիք չէ, որ կանայք տղամարդկանցից շատ են խոսում: Ընդ որում, նրանք խոսելիս հաճույք են ստանում, մանավանդ՝ երբ խոսում են տղամարդկանց մասին եւ այդ ընթացքում լսում են իրենց ձայնը: Այս առիթով անգամ անեկդոտ կա. 2 կին 20 տարով բանտ են նստում, այնտեղ ընկերանում են, խոսում ամեն ինչի մասին, երբ գալիս է նրան ազատ արձակման պահը, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը գալիս է եւ կանանց ասում, որ նրանք այլեւս ազատ են եւ կարող են բանտախցից դուրս գալ, սակայն կանանցից մեկը պատասխանում է. «Սպասիր՝ այս մի պատմությունն էլ պատմեմ, նոր դուրս կգանք»:
Իսկ տղամարդկանց մասին հայտնի արտահայտություն կա. «Ինչ է անում առողջ տղամարդն ամբողջ գիշեր», պատասխանը հետեւյալն է. «Մտածում է»:
Կատակը՝ կատակ, բայց գիտական աշխարհում փորձում են պարզել, թե ինչու են, ի վերջո, կանայք ավելի շատ խոսում: Օրինակ, ամերիկացի հոգեբանները պարզել են, որ կանայք տղամարդկանցից առնվազն 30%-ով շատ են խոսում, քանի որ կանանց ուղեղում խոսելու համար պատասխանատու բջիջները մեծ թիվ են կազմում, իսկ տղամարդկանց պարագայում դրանք չկան: Պարզվում է, որ հատկապես զգացմունքային խոսակցության ժամանակ կնոջ ուղեղում քիմիական փոխազդեցություններ են կատարվում, որոնք բավարարություն են պատճառում: Ամերիկացի գիտնականներն էլ հաշվարկել են, որ միջին տարիքի կինն օրական արտաբերում է մոտ 20 հազար բառ, մինչդեռ արական սեռի ներկայացուցիչները բավարարվում են օրական 13 հազար բառով։ Ոմանք էլ կարծում են, որ կանայք շատախոս են դառնում շփման հորմոնների՝ օքսիտոցինի ու սերոտոնինի ավելցուկից:
Այլ գիտնականներ էլ պարզել են, որ շատախոսությունը սկսվում է դրսեւորվել դեռ մանուկ հասակից. աղջիկները տղաներից շուտ եւ հստակ են սկսում խոսել: Խոսելիս նրանք 2-3 անգամ ավելի շատ բառեր են օգտագործում, քան տղաները: Արդեն մեծ տարիքում կնոջ ուղեղը թույլ է տալիս միանգամից մի քանի գործողություն անել եւ միաժամանակ խոսել, իսկ տղամարդը չի կարողանում այդպես, նրանք միայն մեկ գործ են անում: Հետազոտողները նշում են, որ եթե լինում է միանգամից գոնե 2 գործ կատարող տղամարդ, ապա նա իրավամբ համարվում է հրաշք: Որոշ գիտնականներ այդ տարբերությունները հակված են վերագրելու կնոջ ու տղամարդու մինչպատմական գործունեությանը: Տղամարդիկ որսորդներ էին, իսկ որսի ժամանակ ավելի շատ շարժումներն են գերիշխում, քան խոսքը, իսկ կանայք շարունակ հավաքվում էին ու ժամանակը կարճում խոսքով: Երեխաներին էլ խոսել սովորեցնում էին գերազանցապես կանայք:
Բժիշկներն էլ կարծիք են հայտնում, որ տղամարդկանց քիչ խոսելուն նպաստում է արական տեստոստերոն հորմոնը, որը մանկուց տղամարդու մտքերին այլ ընթացք է հաղորդում. գեղեցիկ կնոջը տեսնելիս տղամարդիկ միանգամից մտածում են՝ ինչ անել, որ շուտ անկողին մտնեն նրա հետ, այնինչ՝ կինը մտովի պատկերացնում է իր եւ այդ տղամարդուց ծնված երեխաներին եւ մտածում, թե ինչպես կանվանի նրանց… Անգամ փորձում են այդ մասին խոսել, սակայն տղամարդիկ նման բաներ լսել չեն ցանկանում: Նրանց համար ավելի կարեւոր է իրենց խոսքը եւ իրենց լսելը, ընդ որում՝ առանց ընդհատումների:
Կանանց համար զգացմունքային խոսքը նաեւ օրվա ընթացքում կուտակված լարվածությունից «լիցքաթափվելու» բնական միջոց է: Հոգեբանների կարծիքով, կնոջ համար մեծ մասամբ նշանակություն չունի, թե ով է իր զրուցակիցը, մանավանդ՝ երեկոյան ժամերին: Նրանց համար բավական է միայն այն, որ իրենց ուշադիր լսեն եւ ցանկալի խորհուրդներ տան: Իսկ բարձրաձայն խոսելով՝ կինը ինքն իրեն հանում է սթրեսային վիճակից: Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ում հոգեթերապեւտ կանայք ավելի շատ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել