Բանավիճում են երաժիշտները
Երեկ Երաժշտության համաշխարհային օրն էր: Հայաստանն էլ անմասն չմնաց Եվրոպայում մեծ շուքով նշվող այս տոնից: Քաղաքի տարբեր անկյուններից հաճելի երաժշտության ձայներ էր լսվում մինչեւ ուշ երեկո: Երեկ այս առիթով հրավիրված ասուլիսի հյուրերն էին երգիչ, երգահան Վահան Արծրունին եւ կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Վ. Արծրունին հայկական երաժշտության ճակատագրով վաղուց է անհանգստացած: Ասում է՝ առաջնորդվում է Մարտին Լյութեր Քինգի «Ես ունեմ երազանք» արտահայտությամբ. «Իմ երազանքն այն է, որ մեր երկիրն այնպիսին լիներ, որ մնացած երկրներում ապրողներն ասեին՝ գիտե՞ք, կա մի երկիր, ընդամենը 2,5 միլիոն բնակչությամբ, որտեղ հսկայական տարաձայնությունների ու անճշտությունների կողքին կա մի բան, որն օրինակելի է ամբողջ աշխարհի համար՝ օրենք արվեստի մասին»:
Երաժիշտը գտնում է, որ երաժշտության ոլորտում տիրող խայտառակությանը վերջ կդնի միայն օրենքը. «Օրենքը մեզ կազատեր նաեւ հարկային խնդիրներից: Կան երկրներ, որտեղ արվեստով զբաղվող մարդը հարկվում է ընդամենը երեք տոկոսով ու հենց այդ երկրներում է արվեստը զարթոնք ապրում: Բավական է՝ որեւէ մեկը Հայաստանում որոշի իր կյանքի ճանապարհը ուղղել արվեստ, դաշտում առկա խնդիրներից, շուկայական հարաբերություններ հիշեցնող հարցերից կգժվի եւ ետ կկանգնի»:
Խոսելով արվեստում անդադար խոսվող պահանջարկ-առաջարկից, Վահան Արծրունին ասաց. «Ի՞նչ է նշանակում պահանջարկ եւ առաջարկ արվեստում, կամ ո՞վ է դա ստուգում՝ ի՞նչ մեխանիզմներով է առաջ գալիս պահանջարկը… Իսկ մենք հասել ենք այն մակարդակին, որ արվեստին ճիշտ վերաբերվելու կարողությունից զրկվել ենք ու ընկել այնպիսի բաների ետեւից, որոնք արվեստի հետ բացարձակ կապ չունեն»:
Կոմպոզիտոր Արամ Սաթյանը հակադրվեց գործընկերոջը, նշելով, որ արվեստում պահանջարկ կա եւ դրա առկայությունը կարեւոր է. «Միայն թե պետք է տարանջատել պարտադրված կամ գնված պահանջարկը իրականից: 90-ականների սկզբին ռաբիս հասկացություն ոչ եթերում կար, ոչ թերթերում եւ այն չէր կարող անգամ պահանջարկ ունենալ: Այսօր այն նվաճել է ֆինանսական դաշտը… Ռաբիսն ասես Բոլոնյան համակարգ լինի»: Ըստ պարոն Սաթյանի. «Հայաստանի արվեստը բարձր մակարդակ ունի: Միայն թե որակյալ արվեստ, այս պարագայում՝ երաժշտություն մատուցողներին աջակցություն է պետք, այն էլ՝ պետական: Հարկ է նախաձեռնվի մի ծրագիր, որը կապահովի որակյալ երաժշտի ասպարեզ դուրս գալը»:
Վ. Արծրունին Ա. Սաթյանի պետական աջակցության մասին առաջարկից հետո նետեց. «Հարսանիքներում երգողները պետական կոչումներ են ստանում. սա է մեր պետական աջակցությունը: Հասել ենք նրան, որ արվեստի մասին խոսելիս չենք կարողանում չանդրադառնալ ռաբիսին»: Կոմպոզիտորը Վ. Արծրունուն փորձում էր համոզել, որ ռաբիսն արդեն իր դարն ապրել է, եւ ալիքի պես շուտով կանցնի-կգնա, որովհետեւ մարդիկ հոգնել են: Երգահանը չհամաձայնեց. «Ինձ համար վիճակն անհուսալի է, անգամ համերգներն են սկսել նվազել, ազդագրերը… Գործող երաժիշտը նաեւ ադմինիստրատիվ հարցերով է զբաղվում, որն ամենատհաճն է այս ամենի մեջ: Ոլորտն այնքան անհասկանալի մեխանիզմներով է ղեկավարվում, որ պրոֆեսիոնալ երաժիշտները բեմական գործունեությունը պարզապես սահմանափակել են: Այսօր բոլորը «ստավկեքով» են աշխատում, ամենաբարձր «ստավկան» «հարսանիքակնունքայինն» է»: