Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիրիկական եւ փիլիսոփայությամբ հագեցած

Հունիս 22,2011 00:00

\"\"Վրձնակիցները՝ գեղանկարիչ Գայանե Խաչատրյանի մասին

Այս օրերին ՀՀ նկարիչների միությունը իր հարկի տակ առաջին անգամ կազմակերպել է Գայանե Խաչատրյանի 80 գեղանկարների անհատական ցուցադրությունը:
Մինչեւ 2000թ. Հայաստանի նկարիչների միության անդամ դառնալը, արվեստագետը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների: Գործընկերների բնորոշմամբ՝ «նրբագեղ ու քնքուշ գործերով առանձնացող կին արվեստագետի» մասին խոսելիս, «Առավոտի» հետ զրուցած գործընկերները հատկապես առանձնացրին 2004թ. Ֆրանսիայի Բրիսոնյե եւ Կլամար քաղաքներում նկարչուհու մասնակցությամբ կայացած ցուցահանդեսները, նշելով Մոսկվայի արվեստների համալսարանի գեղանկարի բաժինը ավարտելու փաստը: Հարցին, թե ՀՀ նկարիչների միության 12 տարվա անդամին խանգարիչ ի՞նչ հանգամանքներ կային ավելի վաղ կազմակերպելու անհատական ցուցահանդես, Գ. Խաչատրյանի պատասխանը հակիրճ էր. «Պարզապես պատրաստվում էի»: Ի դեպ, ցուցահանդեսի այցելուներին նվիրվում էր նաեւ նկարչուհու աշխատանքներից բաղկացած CD-ն, ինչը այս ոլորտում հազվադեպ հանդիպող երեւույթ է:
Իսկապես մեծ էր հետաքրքրությունը ցուցադրված աշխատանքների հանդեպ: Այցելուների թվում հանդիպեցինք ճանաչված նկարիչների, եւ ձեռնպահ մնալով սեփական գնահատականներից, նրանցից մեկ-երկուսին խնդրեցինք կարծիք հայտնել գործընկերոջ մասին:
Կարեն Սմբատյանի փոխանցմամբ՝ «սովորաբար կանայք ձգտում են վերացնել կին-տղամարդ ստեղծագործողի տարբերությունը: Գուցե նրանք ճշմարիտ են, սակայն Գայանեի դեպքում ճիշտ հակառակն է. կանացիական կատարումը գեղանկարչության մեջ նրան զարդարում է ու դարձնում էլ ավելի առանձնահատուկ»: Մեր զրուցակիցը հավելեց, որ նկարչուհին իր ընկալումներում ունի նաեւ լայն դիապազոն, որի սահմանները պայմանական են: Ասենք՝ գուսան Շահենի՝ Պարույր Սեւակի հիշատակին նվիրված «Անցա-գնացի» երգի մոտիվով գեղեցիկ կտավի շունչը նա կարող է զուգակցել արեւմտաեվրոպական դասական որեւէ երգի շնչին ու ստեղծել միայն իրեն բնորոշ գունագեղային հայտնագործություն:
Ստեփան Մինասյանն էլ հայտնեց հետեւյալը. «Յուրօրինակ ռոմանտիկ, լիրիկական զեղումներով, փիլիսոփայությամբ հագեցած է Գայանեի աշխատանքների թեմատիկան, միեւնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ նույն թեմատիկան բավականին բարդ է՝ բացահայտված պարզ հնարքներով»: Գեղանկարիչն ավելացրեց նաեւ, թե գունային նրբերանգների հրաշալի հրամցնողն է Գ. Խաչատրյանը, որի անհատականությունը բացահայտ է ու բնորոշ միայն իրեն:
Նախօրոք իմանալով, որ նկարչուհին դժվարությամբ է «հրաժարվում» սեփական աշխատանքներից, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք նրա «գործունեության» այդ մասով: «Արվեստում ընդհանրապես կոմերցիա չեմ ընդունում: Այդուհանդերձ, վերջին շրջանում բացառություններ լինում են, բայց վաճառելիս ուշադրություն եմ դարձնում, թե ով է գնորդը»,- ասաց Գ. Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել