Նախկին մշակույթի նախարարը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները
Հայաստանի Հանրապետության մշակույթի ամենասկանդալային նախարարների «թեժ տասնյակ» կազմելու դեպքում թերեւս Հովիկ Հովեյանը առաջին հորիզոնականներում կլինի, բնականաբար Հասմիկ Պողոսյանից հետո: Պարոն Հովեյանն էլ իր պահվածքով, աշխատակիցների հետ վարվելու կերպով չի զիջում իր ներկայիս շեֆին: Հիշեցնենք, որ Հովեյանը ՀՀ մշակույթի նախարար է եղել 2004-2006 թվականներին եւ ժամանակին աշխատանքից ազատվել է էլեկտրիկների հետ զենքի օգտագործմամբ հակամշակութային «բանավեճ» ունենալու համար՝ իր դիմումի համաձայն:
Ավելի վաղ նա եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ՀՀ հանրային ռադիոյի մշակութային խմբագրության ղեկավար ու, որպես բանաստեղծ, ինչ-որ իմաստով, ասում են, առանձնանում է գրչակիցներից:
«Առավոտը» դժգոհություններ է ստացել, որ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի ներկայիս տնօրեն Հովիկ Հովեյանը հայհոյանքով է խոսում աշխատակիցների հետ, ծաղրում նրանց, ռեպլիկներ անում, թե ինքը փող է սիրում, ձի եւ սեքս:
Մեր տեղեկություններով, թանգարան մտնելու առաջին օրն իսկ Հովեյանը, հավանաբար՝ հին ոխը չմոռացած, աշխատանքից ազատել է էլեկտրիկին, ասելով, թե նրա մասնագիտության տեր մարդկանց տանել չի կարողանում: «Նա միշտ ասում է, թե չեմ եկել թանգարանը ոտքի կանգնեցնելու, ինչ ուզում եք՝ արեք, թեկուզ ձեր աշխատավարձերի հաշվին ես պետք է արտաբյուջե ունենամ»,- նեղսրտեց աշխատակիցներից մեկը, որը նաեւ հավելեց, թե Ժողկենտրոնի ու Ժողարվեստի թանգարանի միավորվելուց հետո Հովեյանը մարդիկ է կրճատել, հիմնական աշխատողների փոխարեն երիտասարդներին ընդունել: Ասում են՝ վերջերս էլ բոլորին պարտադրել է ներկա լինել իր գրքի շնորհանդեսին: Ըստ նույն աղբյուրի, այժմ թանգարանի գրադարանավար է դարձել գիտաշխատողը, ինչ վերաբերում է ձեռարվեստին, որ Ժողարվեստի կենտրոնի մեխն է, Հովիկ Հովեյանի ճաշակով չէ, ասում է. «Դեմ եմ ձեռարվեստին, դա նման է օնանիզմի»:
Մեկնաբանություններ ստանալու համար հեռախոսով կապվեցինք պարոն Հովեյանի հետ: Նա ասաց, որ իր հասցեին հնչած բոլոր դժգոհությունները իրականությանը չեն համապատասխանում: Մեր զրուցակիցը փորձեց պարզել՝ ովքեր են բողոքել, ապա ենթադրեց, որ դա Սյուզի Փիլոսյանն է, ում սպառնաց ազատել գործից, քանի որ իրեն դատի է տվել: Պարոն Հովեյանը նաեւ հավելեց, թե ինքը աշխատակիցների ներկայությամբ երբեք չի հայհոյում եւ դա անում է Սյուզի Փիլոսյանը: Փաստենք, որ Հովեյան ազգանունը համակարգերից մեկով որոնելու դեպքում հաստատ կգտնվեն այնպիսի հրապարակումներ, որոնք վերաբերում են ներկա տնօրեն եւ նախկին նախարար Հովեյանի, մեղմ ասած՝ ոչ ստանդարտ բառաֆոնդին ու պահվածքին: