Թունիսի դատարանը այդ երկրի պաշտոնանկ արված նախագահ Զին Բեն Ալիին եւ նրա կնոջը՝ Լեյլա Տրաբելսիին դատապարտել է 35 տարվա բանտարկության եւ 66 մլն դոլար տուգանքի: Բեն Ալին եւ նրա ընտանիքը Թունիսում ծայր առած զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում փախել էին Սաուդյան Արաբիա, ուստի՝ դատական նիստը տեղի է ունեցել նրանց բացակայությամբ: BBC-ի փոխանցմամբ, Թունիսի նախկին նախագահն ու նրա կինը մեղադրվում են կոռուպցիայի, թմրանյութերի վաճառքի մեջ, թեեւ սրանք դատարանում քննարկված մեղադրանքների միայն մի քանի կետերն են:
Դատավոր Տուխամի Խաֆիի ասելով, հունիսի 30-ին կհրապարակվի նախկին նախագահի նստավայրերում ի հայտ բերված ապօրինի պահվող զենքի եւ թմրանյութերի մեղադրանքով դատավճիռը: Բացի այդ, ավելի վաղ Թունիսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե Բեն Ալին մեղադրվում է նաեւ լուրջ հանցագործությունների մեղսակից լինելու մեջ: Խոսքը տվյալ դեպքում երկրի քաղաքացիների շրջանում միմյանց միջեւ թշնամանք սերմանելու եւ քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին է: Բայց հիմնական մեղադրանքի առնչությամբ, որն առաջադրվել է Թունիսի նախկին նախագահին՝ 2010թ. դեկտեմբեր-2011թ. սկզբներին բողոքի ցույցերի մասնակիցների սպանությունների հետ կապված, դատարանը դեռ վճիռ չի կայացրել:
Ինքը՝ Բեն Ալին կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: Նախկին նախագահը հայտարարել է, թե իր նկատմամբ դատավարությունը Թունիսի անցումային կառավարության կողմից փորձ է՝ շեղել թունիսցիների ուշադրությունը երկրում իրավիճակը կայունացնելու կառավարության ջանքերի տապալված լինելու փաստից: