Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ

Հունիս 22,2011 00:00

\"\"Մահմուդ Ջիբրիլը, որը փաստացի կատարում է Լիբիայի ընդդիմության կառավարության անդամի՝ արտգործնախարարի պարտականությունները, երկօրյա այցով ժամանել է Չինաստան՝ այդ երկրի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով:
BBC-ի մատուցմամբ, ակնկալվում է, որ կողմերի քննարկման առարկա է լինելու Լիբիայում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավոր ուղիների հարցը: Հիշեցնենք, որ Չինաստանը, որը Լիբիայում նավթային շահեր ունի, հռչակել է այդ երկրի ներքին քաղաքականությանը չմիջամտելու եւ չեզոքություն պահելու քաղաքականություն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Լիբիայում ռազմական միջամտության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ եւս Չինաստանը ձեռնպահ էր քվեարկել: Դրանից հետո Պեկինը մի քանի անգամ քննադատել է Լիբիայի տարածքը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից ավիահարվածների ենթարկելու փաստը:
Չինաստանի իշխանությունները նախկինի նման չի շտապում միանալ նաեւ Մուամմար Քադդաֆիի հրաժարականը պահանջող արեւմտյան երկրների առաջնորդներին: Այդուհանդերձ, BBC-ի մատուցմամբ, Լիբիայի ընդդիմության ներկայացուցչի այցը Չինաստան՝ դիտարկվում է որպես միջազգային հանրության կողմից լիբիական ռեժիմին հասցված մի նոր հարված:
Վերջին շրջանում Չինաստանն ավելի ակտիվ է հանդես գալիս հակամարտող կողմերի միջեւ քաղաքական համաձայնության հասնելու օգտին: Չինական իշխանությունների ներկայացուցիչներն արդեն երկու հանդիպում են ունեցել լիբիական ընդդիմության կառավարող վարչակազմի՝ Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուստաֆա Աբդուլ-Ջալալիի (նկարում) հետ:
Հունիսին եռօրյա այցով Պեկինում էր նաեւ Քադդաֆիի կառավարության ներկայացուցիչ, ԱԳ նախարար Աբդելատի Օբեյդին: Ընդ որում, չինական կողմը նրա հետ հանդիպման ժամանակ պնդել է հրադադարի հաստատման անհրաժեշտությունը՝ դա համարելով հակամարտող կողմերի «առաջնային խնդիրը»:
Լիբիական ընդդիմության ներկայացուցիչը Պեկինում կարող է նաեւ ապստամբներին ֆինանսական օգնության խնդրանք ներկայացնել: Լիբիական ընդդիմությանն արդեն ֆինանսական օգնություն են խոստացել Իտալիան, Ֆրանսիան, Քուվեյթն ու Քաթարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել