Երեկ ԵՊՀ խորհրդի նիստում, որին ներկա է եղել նաեւ հանրապետության եւ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ենթադրվում էր, համալսարանի ռեկտոր վերընտրվեց այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Արամ Սիմոնյանը: Խորհրդի 72 անդամներից ընտրությանը մասնակցել է 69-ը: Նրանցից Արամ Սիմոնյանին կողմ է քվեարկել 60-ը, 7-ը՝ դեմ, 2 քվե էլ անվավեր է ճանաչվել: Վաղ առավոտից համալսարանի կենտրոնական մասնաշենք՝ ուսանողների մուտքն արգելված էր: Նրանք ստիպված եղան ՀՀ նախագահի այցի պատճառով հետաձգել իրենց աշխատանքները կենտրոնական մասնաշենքում: Ուսանողների փոխարեն ԵՊՀ-ի շուրջբոլորը նախագահի թիկնապահները, ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն էին: Վերջիններս իբրեւ թե, անվտանգության կանոններից ելնելով՝ սուլում էին ու ռեկտորի ընտրությունը լուսաբանելու եկած լրագրողներիս արգելում մոտենալ համալսարանին: Ներս չթողնելու պատճառաբանությունը մեկն էր՝ ԵՊՀ խորհրդի նիստը «դռնփակ» է:
Համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց. «Խորհրդի նիստում, որի ժամանակ ռեկտոր է ընտրվում, լրագրող չի աշխատում: Բացի խորհրդի անդամներից, ուրիշ ոչ ոք նիստին ներկա չի լինում: Լրագրողների աշխատանքը սկսվում է նիստից հետո, որը կազմակերպում է նախագահի համապատասխան ծառայությունը»: Լրագրողների դժգոհությանն ի պատասխանն էլ ասաց՝ «տրագեդիա մի սարքեք» եւ որպես «բարի կամքի դրսեւորում» առաջարկեց սպասել ընթերցասրահում: Լրագրողներն էլ ի պատասխան փոխանցեցին. «Ձե՛զ գիրք կարդալն ավելի անհրաժեշտ է»:
Ինչպես ավելի ուշ պարզեցինք, խորհրդի նիստից մեկուկես ժամ հետո լրագրողների համար հանդիպում էր նախատեսված, որին ներկա լինելու համար նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը նախօրոք միայն «պատասխանատու» լրատվամիջոցներին էր հրավիրել: Փաստենք, որ այլ բուհերի ռեկտորների ընտրությունը լուսաբանելիս նախորդ տարիներին եւ այս տարի նույնպես որեւէ խնդիր չի առաջացել, այնպես որ՝ ԵՊՀ-ն հերթական անգամ վատ առումով առանձնացավ: