Լրահոս
Օրվա լրահոսը

Անաժիոտաժ քննություններ եւ սակավաթիվ բողոքարկումներ

Հունիս 22,2011 00:00

Պատկերը՝ երեկվա դրությամբ

Երեկ ԳԹԿ-ում ժամը 9-18-ը տեղի ունեցավ հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների միասնական քննության արդյունքների բողոքարկումը: Մեր այցելության պահին դիմորդ Արամ Հակոբյանը, որ պատրաստվում է ընդունվել Ճարտարագիտական համալսարան, ասաց, թե գրելաձեւի մեջ մի փոքր տեխնիկական թերություն կա, դրա համար է բողոքարկում: Ավելի ուշ նա հայտնեց, որ վերահաշվարկ է կատարվել եւ հիմա ամեն ինչ նորմալ է:
ԳԹԿ համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ երիտասարդը կասկածել էր, թե կոտորակային մասով թվերը համակարգիչը չի ճանաչի, դրա համար է բողոքարկել: Արամի աշխատանքում իսկապես ստորակետը մեկին կպած է եղել, եւ համակարգիչը «սխալ է հասկացել»: Մասնագետները նայել են աշխատանքը, տեսել՝ որ խնդիրը զուտ տեխնիկական է,  0,25 միավորով բարձրացրել են գնահատականը:
ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, կապվելով մարզերի հետ, մեզ տեղեկացրեց, որ մասնավորապես Գյումրիում ֆիզիկայի քննության արդյունքների համար բողոքարկել էր մի դիմորդ, ով միավորների վերահաշվարկ է ցանկացել: Աշտարակից օպերատոր Արա Վարդանյանը կատակեց, թե աչքները ջուր է կտրել՝ բողոքարկողի սպասելուց, սակայն այդպես էլ ոչ ոք չի եկել. «Մարդ կա, որ ֆիզիկայից 1,50 միավոր է ստացել, դրա ի՞նչը բողոքարկի»: Որոշ մարզերի նման այստեղ էլ հայոց պատմությունից բավականին բարձր արդյունք կա՝ մեկ հոգի 19,75 է ստացել: Ինչ վերաբերում է ֆիզիկային, 10-ից 2-ն է դրական ստացել: Արտաշատում նույնպես ոչ ոք ժամը 13-ի տվյալներով չէր վիճարկում իր քննության արդյունքը: Վայոց ձորից օպերատոր Անուշ Թարվերդյանը տեղեկացրեց, որ բողոքարկման համար ոչ ոք չի դիմել, իսկ պատմությունից ունեն 2 առավելագույն՝ 20 միավոր ստացած դիմորդ:
Վանաձորից օպերատոր Եղիշե Սաֆարյանը հայտնեց, որ ֆիզիկայի քննության արդյունքը բողոքարկել է ընդամենը մեկ դիմորդ, ով 1,5-ի փոխարեն գրել էր 15: Այստեղ 15 դիմորդից 11-ը «կտրվել» է:
Քննական կարգի համաձայն, բոլոր բողոքարկումներին պատասխան կտրվի եռօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ այս տարի կար 1209 դիմորդ, որից 609-ը դիմում էր ներկայացրել միայն հայոց լեզվից, որի քննարկման արդյունքի շուրջ եզակի բողոքարկումներ եղան, չնայած այն հանգամանքին, որ ԳԹԿ-ն «չուրացավ», թե թեստերում կա անճշտություն, ինչը կլուծվի դիմորդի օգտին: Նախորդ տարիներին էլ կառույցը այդ մասին բարձրաձայնում էր, սակայն հայոց լեզվի թեստերի «մասով» աժիոտաժը մեծ էր լինում՝ պայմանավորված առարկայի մասնագետների «թայֆայականությամբ»: Այս տարի աղմուկ չկա՝ կրկնուսույցները դիմորդներ չունեն եւ հետեւաբար նրանց առաջ արդարանալու խնդիր չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել