Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՆՋՎԵՑԻ ՈՒ ՍՏԱՑՎԵՑ»

Հունիս 22,2011 00:00

Ներառական կրթության խնդիրների մասին

\"\"
Երկվորյակներ Սյուզաննան եւ Ռուզաննան պատրաստվում են դառնալ մանկավարժ-հոգեբան:

«Երբ առաջին անգամ դպրոց գնացի, շատ էի մտածում, թե ինչպես պիտի ծանոթանամ համադասարանցիներիս հետ: Հետո որոշեցի քաղցրով դպրոց գնալ. կոնֆետ էի տալիս՝ անուն-ազգանունները հարցնելիս: Վերջում բոլորը ապշել էին, որ 30 աշակերտի անունները հիշում էի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կրթություն ստանալու իր դժվարին ճանապարհի մասին անկեղծացավ Աննա Ավետիսյանը, որը հիմա արդեն Ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է՝ ապագա իրավաբան: Նա առաջիններից է եղել, որ ունենալով հաշմանդամություն՝ հաղթահարել է բոլոր բարդույթները եւ մասնակցել ներառական կրթության ծրագրին. «Մինչ դպրոց գնալը ինձ մայրս գրկած էր տեղաշարժում, դպրոցում դասարանից դասարան գնալու համար քայլակի օգնություն էր պետք, ոչ ոք չէր պատկերացնի, որ այնքան ուժ կգտնեմ իմ մեջ, որ քայլակով ֆիզկուլտուրայի դասերի կգնամ, ժիմ կանեմ, «գործագործ» ու հեռացատկ կհանձնեմ: Չեմ հերքում՝ դժվար էր, բայց որոշել էի օգտվել իմ՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքից… Հիշում եմ մի դաս՝ «Հայերենի առաջին ուսուցիչը», որը իմ դասընկերներից մեկը շատ վարժ էր կարդում, ես այնքան էի ուզում նրա պես կարդալ, գնացի տուն, մոտ 2 ժամ տանջվեցի ու ստացվեց»: Աննան հաճախել է թիվ 180 միջնակարգ դպրոց: Նրա հետ մենք զրուցեցինք «Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը կրթության մեջ եւ համայնքում» թեմայով համագումարում, որը նախաձեռնել էին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները:
Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը պատմում էր, որ սկզբում գյուղում շատ դժվար էր համոզել հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողին, որ դպրոց բերի երեխային. «2-րդ դասարանի մեր Էդգար Մուկուչյանն ուներ լեզվական խնդիր, տառերը չգիտեր, թվերը ձեռքերի օգնությամբ էր գումարում-հանում, խուսափում էր դասընկերների հետ շփումից, որովհետեւ զիջում էր նրանց գիտելիքներով: Հիմա նա գիտի այբուբենի 20 տառ, համարձակ մոտենում է գրատախտակին, ազատ շփվում ու սովորում»:
Երեւանի թիվ 17 դպրոցի 4-րդ դասարանում սովորող Հրաչյայի մայրը՝ Արմինե Սահակյանն էլ նշեց, որ երբ առաջին անգամ երեխային պիտի տանեին դպրոց, ահուդողով են սպասել սեպտեմբերի 1-ին. «Այդ օրը մեր ընտանիքի համար շատ կարեւոր էր, որովհետեւ չգիտեինք, թե Հրաչյային ինչպես կընդունեին դպրոցում: Բարեբախտաբար՝ ամեն ինչ լավ ստացվեց: Մի զվարճալի դեպք պատմեմ, Հրաչյաս սիրում է տեխնոլոգիա առարկան ու մկրատով շատ լավ աշխատում է, մի օր ուսուցիչը փոխվել էր, միամիտ մտա դասարան ու, տեսնելով Հրաչյայի դեմքի ուրախ արտահայտությունն ու ուսուցչի շփոթմունքը, հասկացա, որ տղաս իրագործել է իր վաղեմի երազանքը՝ կտրել է մազերը»:
Համագումարի ժամանակ Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը նշեց, թե սովորաբար հաշմանդամ երեխաներին դպրոց բերում-տանում են մայրերը, իսկ հայրերը շատ պասիվ են: Այս առումով համագումարին առանձնացավ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում սովորող երկվորյակ քույրերի՝ Սյուզաննայի եւ Ռուզաննայի հայրը, որը ներկաների հետ կիսեց ներառական կրթության հետ կապված իր մտահոգությունները. «Երեխայի ծնունդը ընտանիքում ուրախություն է: Մեր ընտանիքում էլ էր այդպես, բայց մի օր հասկացանք, որ մեր երեխաներն ինչ-ինչ խնդիրներ ունեն՝ մյուսների նման չեն եւ այդ տարբերությունը, որ տրվել է աստծո կողմից, շատ ժամանակ ծնողները միայնակ չեն կարող հաղթահարել: «Հույսի կամուրջը» մեզ համար դարձավ կամուրջ՝ կյանքի եւ հույսի միջեւ»:
Երկվորյակները՝ Սյուզաննան եւ Ռուզաննան, մեզ հետ զրույցում պատմում էին, որ մեծ դժվարություններ են ունենում նաեւ դպրոցում դասարանից դասարան տեղաշարժվելիս կամ սանհանգույցից օգտվելիս, որովհետեւ դրանք հարմարեցված չեն. «Դասընկերուհիներն են օգնում, որ զուգարան գնանք կամ աստիճան անցնենք»:
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները կառավարությանը հարց ունեին. ի՞նչ է լինելու ներառական կրթությունից հետո հաջորդ քայլը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել