Կամ՝ արհամարհանք սեփական կրթական համակարգի նկատմամբ
Չէի կարող չարձագանքել պրոֆեսոր Համլետ Միքայելյանի «Առավոտում» տպագրված (31.05.2011թ.) «Տգիտության հրավառություն» հոդվածին, որը վերաբերում է հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարանների «Հանրահաշիվ» դասագրքերի հերթական «մրցույթի» անցկացմանը: Հոդվածից երեւում է, որ դասագրքերի հեղինակը՝ ճանաչված մաթեմատիկոսն ու մանկավարժը, խիստ վրդովված ու վիրավորված է, որ մրցույթը անցել է միանգամայն տնավարության սկզբունքով եւ անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ այս դասագրքերը, որ 12 տարի գործել են դպրոցում եւ նմանատիպ մրցույթներում երկու անգամ արժանացել բարձր գնահատականների, դուրս մնացին մրցույթից եւ «հաղթեց» ռուս հեղինակների ցածր վարկանիշ ունեցող դասագիրքը:
Անկախության հռչակումը ենթադրում էր ունենալ ոչ միայն հզոր բանակ, այլեւ՝ ամուր ու սեփական կրթական համակարգ: Եվ մեր հայ մանկավարժ-գիտնականները անմիջապես ձեռնամուխ եղան հայ երեխաների համար գրելու դասագրքեր: Ճիշտ է, դասագրքաստեղծման փորձի պակաս զգացվում էր եւ դասագրքերը թերություններից զերծ լինել չէին կարող (պետք է ասել, որ աշխարհում կատարյալ դասագիրք դեռ գոյություն չունի), բայց ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ այդ դասագրքերը ստեղծվեցին հենց հայ երեխաների համար՝ որպես հենք ու սկզբունք ընդունելով հայ երեխայի առանձնահատկությունները, նրա հետաքրքրություններն ու ունակությունները, մտածելակերպն ու աշխարհընկալումը: Եվ հետզհետե մեզ մոտ սկսվեց ձեւավորվել դասագրքաստեղծման լավ դպրոց:
Այո՛, մենք միշտ երազել ենք, որ հայ երեխայի համար դասագրքերը գրեն հայ մանկավարժ-գիտնականները: Այդ դասագրքերից են նաեւ Հ. Միքայելյանի 7-9-րդ դասարանների «Հանրահաշիվ» դասագրքերը:
Կարծում եմ, որ աշխարհի շատ զարգացած երկրներ իրենց սովորողների համար կուզենային այդպիսի հանրահաշվի դասագրքեր ունենալ: Բայց հատկապես 6-րդ դասարանի դասագրքի մուտքը ուսուցչության շրջանում առաջ բերեց «մեծ աղմուկ ու տագնապ», ինչպես Պ. Սեւակը կասեր՝ «տագնապ, բայց ոչ խուճապ»:
Եվ այս տագնապը, գտնում եմ, որ շատ օրինաչափ ու բնական էր: Ուսուցիչները երկար ու ձիգ տարիներ աշխատել են ռուսական դասագրքերով, որտեղ դասանյութը ներկայացված է եղել գրեթե պատրաստի վիճակում կամ, լավագույն դեպքում, «կիսաֆաբրիկատ», եւ ուսուցիչները հանրահաշիվ առարկան, որի գլխավոր նպատակներից է նաեւ զարգացնել սովորողների լեզվատրամաբանական մտածողությունը եւ ապահովել մաթեմատիկական կրթությունը, տարիներ շարունակ վերածել էին խնդիրների ու վարժությունների աննպատակ լուծման:
Չէր երեւում, թե ո՞րն էր ուսուցանվող թեմայի նպատակն ու կրթական նշանակությունը, դրանով ի՞նչ կրթական խնդիր լուծեցինք, այդ թեմայի յուրացումը ի՞նչ տվեց սովորողին եւ նրա մեջ որակական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին:
Հ. Միքայելյանի դասագրքերը մեր հայ իրականության մեջ եզակի դասագրքեր են՝ ուղղված հայ երեխային: Հանրահաշվի 6-րդ դասարանի (այժմ՝ 7-րդ) դասագիրքը բացվում է երեխայի առաջ հեղինակի հետեւյալ խոսքերով. «Իմ կրտսեր բարեկամ, այսօր դու ստանում ես հանրահաշվի քո Այբբենարանը: Այն իր մեջ ամփոփում է մտածողության, կամքի եւ ոգու կռման անփոխարինելի խորհուրդներ: Նրա լեզուն հասանելի է բոլորին, բայց տիրապետում են միայն ուժեղները: Իմացիր այդ լեզուն եւ դու նույնպես կլինես ուժեղ»: Տարիներ շարունակ այն բազմաթիվ «ուսուցիչները», որոնք չէին կարողանում տարբերել «մաթեմատիկական կրթություն» եւ «գիտելիք» հասկացությունները, ինչպես նաեւ՝ մաթեմատիկայի ուսուցման դերն ու նշանակությունը (եւ զարմանալի է, որ աղաղակողը, «եղանակ» ստեղծողը հենց այդ տիպի ուսուցիչներն են), վերապատրաստումների միջոցով նրանց «զայրույթն» ու տագնապը հետզհետե մարեցին եւ իրենց տեղը զիջեցին այն ըմբռնմանն ու աշխատանքային մթնոլորտին, որ հանրահաշվի ուսուցումը վերջիվերջո սերտած պատասխաններով «չոր ու ցամաք» վարժություններ լուծելը չէ (այսօր ուսուցիչների 60-70%-ը ընտելացել է հենց այդ «վեհ» գործին):
Հարգելի՛ «ուսուցիչներ», ինչպես նշված է պետական փաստաթղթում, լուծելը միայն միջոց է եւ ոչ թե նպատակ: Բարձր տեխնոլոգիաների այս դարում աշակերտներն այնքան կարիք չունեն անընդհատ խնդիրներ ու վարժություններ լուծելու, գիտելիքների եւ տեղեկատվության, որքան մտածողության, տեղեկությունների մշակման եւ արդյունքները կյանքում կիրառելու կարողության: Հանրահաշվի այս գրքերի առավելությունը հենց այս հմտությունների ձեւավորումը, զարգացումն ու ամրապնդումն է:
Այսպիսով, դասագրքերի վերաբերյալ աղմուկ են բարձրացնում եւ գնահատական են տալիս նաեւ այն ուսուցիչները, որոնց այժմ շատ է պակասում կա՛մ մանկավարժական կրթությունը, կա՛մ էլ առարկայական գիտելիքները, որոնք արդեն իրենց սպառել են եւ ի վիճակի չեն տեսնելու նորը, առաջադիմականը:
Անակնկալ, միանգամից եւ կտրուկ «հանձնաժողովը» որոշեց, որ այս դասագրքերը չեն բավարարում սովորողների ապագա պահանջներին, ասել է թե՝ չափորոշիչային պահանջներին: Իսկ ո՞ւր մնացին 12 տարի շարունակ վերապատրաստվողների, ուսուցիչների կարծիքը եւ նրանց գործադրած ջանքերը:
Մեր դասագրքերի այդ ո՞ր թերություններն ու բացթողումներն էին պատճառները, մի՞գուցե առիթները, որ մենք չէինք կարող շտկել ու «ստիպված» դիմեցինք օտար հեղինակներին՝ օգնելու մեր հայ երեխաներին: Ինչո՞ւ հրապարակավ հանդես չեք գալիս: Չի կարելի մեր գիտնականների, մեր ճանաչված մասնագետների, մեր երեխաների հմուտ դասագիրք ստեղծողների եւ մեր ազգի հոգսերով ապրող հայ մտածողների նկատմամբ այդպիսի անտարբեր ու էժանագին վերաբերմունք դրսեւորել: Հիշեցնեմ, որ դասագրքերի հեղինակը՝ Հ. Միքայելյանը աշակերտել է աշխարհահռչակ մաթեմատիկոս Ա. Գ. Կուրոշին, որի «Բարձրագույն հանրահաշիվ» բուհական դասագիրքը տասնյակ տարիներ ի վեր՝ մինչեւ օրս անփոխարինելի դասագիրք է: Աշխարհում ընդունված են դասագրքերը գնահատելու տարբեր ձեւեր ու եղանակներ: Առաջարկում եմ անվստահություն հայտնել այդ մրցութային հանձնաժողովին, դասագրքերի մրցույթը համարել չեղյալ: