Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հունիս 22,2011 00:00

Արդյո՞ք արտահերթ ընտրություն նշանակելու  ՀԱԿ-ի պահանջն անհիմն է

\"\"

Կասկածից վեր է, որ հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առնչությամբ երկխոսությունը չէր կայանալու:
Մեր երկիրը քաղաքակիրթ եւ բարոյականության օրենքները հարգող Մեծ Բրիտանիան կամ Ճապոնիան չէ, որտեղ օրինական ճանապարհով իշխանության եկած կառավարությունը երբ ձախողում է որեւէ ծրագիր, հոժարակամ հրաժարական է տալիս եւ անցնցում իշխանությունը զիջում այլ քաղաքական ուժերի, բարեմաղթություններ ցանկանալով նոր վարչակազմին:
Ի տարբերություն, մեր պետությունում էլ ավելի քան մեկ տասնամյակ է՝ իշխանությունը զավթում են եւ բարեմաղթանքների փոխարեն ընդդիմադիր ուժերի եւ ժողովրդի նկատմամբ գործում են դաժանություններ: Մեր քաղաքակրթությունն էլ այս է, առաջնորդվում ենք մաքիավելիզմի ուսմունքով, ինչի վարքագծի սկզբունքը կեղծիքը, սուտը, խաբեությունը, դաժանությունը եւ այլ անբարոյականություններն են:
Երկրի ներքին քաղաքական կյանքում այժմ շրջանառվում է ՀԱԿ-իշխանություն երկխոսության կայացման հնարավորությունը, որի առարկան հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Իմիջիայլոց, կողմերը արդեն որոշակի քայլեր են կատարել, ըստ այդմ, ՀԱԿ-ը պատվիրակներ է առաջադրել, իսկ իշխող քաղաքական կուսակցության խոսնակը եւ նախագահական նստավայրի պաշտոնյան տեսակետ են արտաբերել, թե ՀԱԿ-ի հիշյալ պահանջը անհիմն է եւ վնասարար ժողովրդին հուզող խնդիրների լուծմանը: Նաեւ հորդորել են ՀԱԿ-ի պահանջը եւ այլ առաջարկությունները քննարկել գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հարթությունում, որտեղ Հանրապետական կուսակցությունը պատրաստակամ է հնչեցնել եւ պաշտպանել դրանք:
Հիշյալ տեսակետների եւ հունիսի 17-ին նախագահի խորհրդատվական անորոշ արտաբերումների արտաքին գծագրությունից նկատվում է, որ իշխանությունները երկխոսությունը փակուղի են տանելու: Այս պարագայում տրամաբանական հարցեր են ծագում.
ա/ Արդյո՞ք արտահերթ ընտրություն նշանակելու մասին ՀԱԿ-ի պահանջը անհիմն է:
բ/ Օրենսդիր կամ գործադիր իշխանությունների դաշտում ՀԱԿ-ի պահանջի քննարկումը եւ հանգուցալուծումը հնարավո՞ր է, թե՞ խաբկանք:
Դիտարկենք այս հարցերը:
1.Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրության նշանակումը կանոնակարգված է ՀՀ սահմանադրությամբ, ըստ որի՝ նախագահի արտահերթ ընտրություն նշանակվում է նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ նրան պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար պաշտոնանկ անելու դեպքում, իսկ քվեարկությունը անցկացվում է հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու քառասուներորդ օրը (ՀՀ սահմանադրության 53-րդ հոդված):
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվում է, երբ հանրապետության նախագահը Սահմանադրության 74.1-րդ հոդվածի հիմքերով արձակում է Ազգային ժողովը (եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ, երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ այլն):
Նկատենք, որ հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու Սահմանադրությամբ ամրագրված դեպքերը կամ առիթները բացակայում են: Այս առումով էլ իշխանությունները ՀԱԿ-ի պահանջը համարում են անհիմն:
Իմ պատկերացմամբ, այդ գնահատականը սխալ է, որովհետեւ ՀԱԿ-ը հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին իր հայտարարություններում երբեւէ հղում չի կատարել Սահմանադրության 53-րդ եւ 74.1 հոդվածներում թվարկված դեպքերը կամ առիթները, եւ նկատվում է, որ հիշյալ պահանջը ՀԱԿ-ը մեկնարկում է ոչ թե Սահմանադրության այդ հոդվածների հիմքով, այլ Սահմանադրության 2-րդ հոդվածով, որի էությունը սկզբունքորեն տարբեր է: Նորմում շեշտադրված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացնելը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից՝ հանցագործություն է»:
Հիշյալ նորմի հիմքը ազատ ընտրություններն են, որով ժողովուրդը իրականացնում է իր իշխանությունը: ՀԱԿ-ը գտնում է, որ ազատ ընտրություններ չեն եղել, իշխանությունը յուրացվել է, որի առնչությամբ պահանջում է հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություն (ի դեպ, երբ ընտրությունները ազատ չեն եղել, Սահմանադրության 53-րդ հոդվածում թվարկված դեպքերը կամ առիթները անհրաժեշտ չեն): ՀԱԿ-ի պահանջը օրինական եւ կառուցողական է, սակայն խնդիրն այն է, որ այդ պահանջը իշխանությունները անցյալում ժխտել են, իսկ հետեւանքը մարտի 1-ի ողբերգությունը եւ դաժանություններն են: Այս պարագայում միեւնույն պահանջով, ինչի պատճառով նաեւ բազմաթիվ անմեղ մարդիկ դատապարտվել են եւ միջազգային ատյաններում խնդիրը դեռեւս քննարկվում է, ՀԱԿ-ի հետ երկխոսությունը անհավանական է: Համաձայնել ՀԱԿ-ի պահանջին, նշանակում է՝ իշխանությունները ընդունում են մարտի 1-ի իրադարձությունների ողջ պատասխանատվությունը եւ մեղքը:
2. ՀԱԿ-ի պահանջը գործադիր կամ օրենսդիր իշխանությունների դաշտում քննարկելու մասին իշխանությունների հավաստումները օրենքից չեն բխում: Հանրապետության նախագահի արտահերթ ընտրության նշանակումը կանոնակարգված են ՀՀ սահմանադրության 53-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով եւ հիշյալ մարմինները կամ որեւէ պաշտոնատար անձ այդ հարցերի վերաբերյալ քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, խորհրդարանական խմբակցությունների կամ խմբերի առաջարկություններով եւ հարցապնդումներով որոշումներ ընդունելու իրավասու չեն:
Կարծում եմ՝ երկխոսության կայացումը երկրում կայունությունը պահպանելու եւ անցանկալի հետեւանքները խափանելու լավագույն հնարավորությունն է: Պետք է նկատել, որ առաջին նախագահը, որի խոսքը ամրապնդվում է գործով եւ զինանոցը ժողովուրդն է, հակված է դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել