Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ

Հունիս 22,2011 00:00

Ազատագրված տարածքներից օձի խայթոցով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաշաթաղի շջանի Աղավնաձոր գյուղի 14-ամյա բնակիչ Սամվել Ոսկանյանը: Տղայի պատմելով՝ փայտ կտրելիս 15-20 սմ-անոց օձը խայթել է ձեռքի բութ մատը: Ըստ բժիշկների` հիվանդի վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում եւ մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից: «Սա այս տարվա օձի խայթոցի առաջին դեպքն է: Տուժածը մեզ մոտ տեղափոխվել է միջին ծանրության վիճակով:
Նախորդ տարի մինչեւ հունիս մեզ մոտ արձանագրվել էր օձի խայթոցի 9 դեպք: Այս տարի, եղանակային պայմաններից ելնելով, միայն մեկ դեպք է եղել: Տա Աստված՝ էլ դեպքեր չլինեն, բայց հակառակ դեպքում մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու եւ բուժելու համար»,- ասում է բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը: Կապանի հիվանդանոց օձերից տուժածներ բերվում են առավելապես ազատագրված տարածքներից: Տարվա շոգ շրջանում օձերը պարզապես վխտում են այդ տարածքներում եւ մեծ վտանգ դառնում բնակիչների համար:
Օձերի խայթոցների թիրախ դառնալուց հետո մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել եւ հասնել Կապանի հիվանդանոց, քանի որ տեղի տարածքում գործող հիվանդանոցում պայմանները խիստ սուղ են եւ ի վիճակի չեն լիարժեք բուժօգնություն ցուցաբերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել