Հայաստանի մանուկների հիմնադրամից տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան գյուղերի գյուղատնտեսական խմբակներին անդամակցող 5 աշակերտ 8 շաբաթով մեկնել է ԱՄՆ՝ Մեյն նահանգի «Արարատ ֆարմ» ֆերմայում օրգանական գյուղատնտեսության դասընթացների մասնակցելու, անգլերեն լեզվի գիտելիքները խորացնելու նպատակով: Երեխաների համար նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:
Նշված գյուղերում գյուղատնտեսական խմբակները հիմնվել են 2008 թվականին «Էյչ-Էս-Բի-Սի» (HSBC) բանկի Գլոբալ կրթության հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում: Նպատակը՝ գյուղերի ավագ դպրոցական տարիքի երեխաների շրջանում գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է՝ նորարարական մեթոդների եւ գործնական ուսուցման եղանակների միջոցով:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո երեխաները փոխանցելու են ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ իրենց ընկերներին։
«Ցանկանում եմ մեր խմբով միանանք եւ Հայաստանում ստեղծենք զարգացած էկոլոգիական գյուղատնտեսության կենտրոն»,- ասում է խմբի անդամ, դալարիկցի դպրոցական Աննա Մկրտչյանը: