Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ-2

Հունիս 22,2011 00:00

\"\"Արարատի քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Աբրահամ Բաբայանը արձագանքում է իր մրցակցի՝ Հակոբ Թովմասյանի հնչեցրած քննադատությանը, որը ներկայացրել էինք երեկվա «Առավոտում»:

«Առավոտի» հետ զրույցում Աբրահամ Բաբայանն ասաց. «Մրցակցիս հնչեցրած բոլոր մեղադրանքներն ու քննադատությունները անհիմն են, զուտ զրպարտության ոլորտից»: Այն, որ քաղաքի պատկերասրահի շենքը սեփականաշնորհվել է իր վարորդներից մեկի անունով, քաղաքապետը համարեց սուտ եւ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա. «Շենքը կա, ավերակի վերածված: Ի՞նչ վարորդի մասին է խոսքը»:
Կաթսայատան վաճառված խողովակների մասին. «Կաթսայատան խողովակները վաճառվել են դեռեւս 1999 թ.-ին, Հակոբ Թովմասյանից առաջ՝ նախորդ քաղաքապետի օրոք, իսկ Թովմասյանը շարունակեց եւ ավարտին հասցրեց վաճառքի գործընթացը: Ես այդ խողովակների հետ կապ չեմ ունեցել: Սպորտդպրոց նույնպես չի փակվել, քաղաքում կա 2 գործող սպորտդպրոց: Բարեգործական ճաշարանը ոչ թե դադարել է գործելուց, այլ այցելուների պահանջով իրենց տրվում է հատկացված գումարի չափով սննդամթերք, որը տանում են իրենց տուն: Ծրագիրն այդ կարգով է շարունակվում»:
Ոռոգման խողովակների վաճառքի մասին. «Իր ժամանակ ոռոգման ցանց չի եղել: Ամբողջ քաղաքի ոռոգման համակարգը երբ միացվում եւ գործում էր, ամբողջ քաղաքը ջրի մեջ կորչում էր, ասֆալտը՝ քանդվում: Մենք, ընդամենը մի քանի տեղ, որտեղ պետք է սալիկապատվեր, բայց խողովակներն աշխատանքներին խանգարում էին, հանվել՝ նորից տեղադրվել են: Այդ խողովակները կան»:
Քաղաքային զբոսայգու օտարման եւ քանդման մասին. «Այգին ոչ թե օտարվել է, այլ աճուրդով վարձակալությամբ տրվել է տարբեր մարդկանց, որպեսզի ներդրումներ կատարեն: Այգին բարեկարգ վիճակում է, սալիկապատված, շատրվանների խողովակները թարմացված, գործում էր սրճարան եւ մանկական խաղահրապարակ, տեղադրված էին նստարաններ»:
Իր հերթին քաղաքապետ ու թեկնածու Բաբայանը վատ աշխատանքի համար ամոթանք տվեց իր մրցակցին. «Թովմասյանը թող ամաչի իր կատարած աշխատանքից, նրա օրոք օտարվեցին կենցաղի տները, այժմ քաղաքը չունի իր սեփական կենցաղի տունը, օտարվել են փողոցներ ու մայթեր, հանրախանութը»: Իսկ թե ինչու է ներկայիս քաղաքապետը նախկին քաղաքապետին ցանկանում զրկել Արարատի պատվավոր քաղաքացու կոչումից, եւ դա արդյոք կապ ունի՞ բնակիչներից աղբահանության չվճարված գումարները պահանջելու՝ Թովմասյանի դատական հայցի հետ (հիշեցնենք, որ Թովմասյանը նախկինում քաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերության տնօրենն է), Բաբայանն ասաց, որ արարատցիները դժգոհ են, որ իրենցից տարիներ ի վեր չի պահանջվել աղբահանության գումար, եւ հանկարծ նրանք կանգնել են փաստի առաջ եւ պարտավորված են մեծ գումարներ վճարել աղբահանության դիմաց: Ըստ Բաբայանի, այժմ էլ բողոքավոր բնակիչներն ասում են, որ Թովմասյանն իրենց ասել է, որ եթե իրեն ձայն տան, ապա այդ պարտքերը կարող են չվճարել: «Մի՞թե դա ընտրակաշառք չէ: Դե, եթե բնակիչները այդպիսի հիասթափություն են ապրում այդ մարդուց, ով իրենց համատարած դատի է տալիս, ապա էլ ի՞նչ պատվավոր քաղաքացու մասին է խոսքը»,- ասում է Աբրահամ Բաբայանը: Իսկ մանկապարտեզի եւ քաղաքապետարանի նիստերի դահլիճի օտարման առնչությամբ թեկնածու Բաբայանը խնդրեց, որ հարցին պատասխանի իր խորհրդական Ադիբեկ Խուրշուդյանը, ով եղել է նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի տեղակալը, քաղաքապետարանում աշխատել է նաեւ նախկին երկու քաղաքապետի օրոք եւ քաջատեղյակ է Արարատի վերջին տասնամյակների կենսագրությանը: Քաղաքապետարանի հնաբնակը պատմեց. «Խորհրդային տարիներին, երբ ձեւավորվեց Արարատի գործկոմը, քաղխորհրդի անդամների թիվը 50 էր, եւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այդ դահլիճը: Մութ ու ցուրտ տարիներին, երբ դժվար էր պահպանել շենքը, չկար ջեռուցում, մարդիկ լուսամուտները ջարդելով մտնում եւ մանրահատակը տանում էին այրելու: Շենքը շատ դժվար էր պահպանել, լրիվ քայքայվել էր: Այն դարձել էր պահեստ, որտեղ պահվում էին գրադարանի գրքերը, բայց դրանք էլ էին խոնավությունից փչանում: Քաղաքապետարանից դեպի դահլիճ տանող միջանցքում դեռեւս 1990-ականներին տեղադրվեց դեղատուն, որը հետագայում դարձավ ատամնաբուժարան: Փաստորեն, դահլիճ կոչվածն ու քաղաքապետարանի շենքը իրարից անջատվել էին դեռեւս մինչեւ Բաբայանի քաղաքապետ լինելը: Բայց այդ ավելորդ դարձած օղակը պահպանություն էր պահանջում: Դրա վերանորոգման համար անհրաժեշտ էր նվազագույնը 50 միլիոն դրամ: Իսկ համայնքի բյուջեի մուտքերը ընդամենը 75 միլիոն դրամ է: Ո՞նց կարելի է դրանից 50 միլիոնը հատկացնել դրան, այն դեպքում, երբ համայնքն ունի եւս 3 նմանատիպ, տարբեր չափերի դահլիճ եւ դրա անհրաժեշտությունը չկա: Մենք նպատակահարմար գտանք եւ այն օտարեցինք: Մասնավորը ներդրումներ կանի եւ այն կծառայի իր նպատակին՝ որպես դահլիճ»:
Մանկապարտեզի մասին Խուրշուդյանը պատմեց, որ ժամանակին Արարատի ցեմենտի գործարանում շատ ռուսներ էին աշխատում, ու քաղաքում բացվեց ռուսական թեքումով մանակապարտեզ: «Երբ ռուսները հեռացան, այս մանկապարտեզը փակվեց եւ սկսեց ավերվել: Այնուհետեւ այն դարձավ Երասխից ներգաղթած փախստականների կացարան: Երբ նրանք նորից վերադարձան Երասխ, մանկապարտեզի շենքը դատարկվեց, բայց մնաց գործարանի հաշվեկշռում: Երբ 2004 թվականին գործարանը մասնավորեցվեց, նրա ոչ արտադրական օբյեկտները հանձնվեցին համայնքին: Այդ ժամանակ այս շենքը հնարավոր չէր վերանորոգել: Որոշ ժամանակ անց մի մասը վարձակալությամբ տրվեց սանէպիդկայանին: Համայնքն ունի անհրաժեշտ թվով մանկապարեզներ, որոնք նույնիսկ թերբեռնված են աշխատում: Բազմիցս, դեռեւս նախկին քաղաքապետի օրոք, եղել են բանակցություններ տարբեր կառույցների հետ, բայց վաճառել չի ստացվել: Ներկայիս քաղաքապետը գույքագրում կատարեց եւ չգործող մանկապարտեզը օտարվեց, համայնքի բյուջե մտավ 11,8 միլիոն դրամ: Այդ օբյեկտները ծանր բեռ էին համայնքի վրա, որոնք գնալով քայքայվում-վերանում էին»,- ասաց Խուրշուդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել