Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի` վերջինիս պարտավորեցնելով 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի հարցման պատասխանը եւ փոխհատուցել 24.000 դրամ պետտուրքը: ԻԱԿ-ն այդ ինֆորմացիային «հասավ» 2,5 տարի հետո:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. փետրվարի 27-ին «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հարցում է ուղարկում` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008 թվականներին որքա՞ն գումար է կազմել:
2. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ներին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրեր:
3. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ներին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից:
Այսքանից հետո արժե հռետորական հարց տալ. 2,5 տարի հետո ինֆորմացիան կարողացավ ձեռք բերել հասարակական կազմակերպությունը, իսկ լրատվամիջոցին, եթե տրամադրվի ինֆորմացիան 2,5 տարի հետո, ո՞ւմ պետք կգա այդ ինֆորմացիան: