Երեւանում հունիսի 19-ին Երեւանյան լճի տարածքում տղամարդու դիակ հայտնաբերելու փաստի առթիվ երեկ հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում:
Ըստ նախնական տեղեկությունների, դիակի դատական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրա գլխի եւ մարմնի վրա կան բռնության հետքեր: Ոստիկանությունը վարկածների շարքում է դասում այն, որ հնարավոր է՝ 65-ամյա տուժողին վրաերթի են ենթարկել, ապա մահացած վիճակում բերել եւ նետել ձորակը:
Փրկարարները, ի դեպ, տղամարդու դիակը դուրս էին բերել «Նաիրի» մարզադաշտին հարակից ձորակի առվակի միջից:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Պետրոսյանը:
Տղամարդու գրպանում անձնագիր էր եղել, ըստ որի՝ նա Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 65-ամյա Ստյոպա Մովսիսյանն է: