Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանից հետո՝ դատարան

Հունիս 22,2011 00:00

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին են դիմել ոչ պետական բուհերի 12 ռեկտորները:
Նրանք մտադիր են իրենց նամակին ընթացք չտալու, հրապարակային քննարկում չկազմակերպելու դեպքում՝ դիմել արդարադատական մարմիններին:
Բուհերի ռեկտորները ամփոփում են անցած 20 տարին, գտնելով, որ ոչ պետական բուհական համակարգը զգալի ավանդ է ունեցել մեր նորանկախ պետականության կայացման գործում, մասնավորապես՝ «անհամեմատ ցածր ուսման վարձով սոցիալապես անապահով խավի համար մատչելի բարձրագույն կրթության միջոցով կանխվեց երիտասարդության արտագաղթը, մրցակցային կրթությունը բերեց կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, շատ բուհերում իրականացվեցին նորարարական կրթական ծրագրեր»:
Ռեկտորների կարծիքով՝ հավատարմագրված ոչ պետական բուհերի նկատմամբ վերջին տարիներին իրականացվեց «անարդար քաղաքականություն», գրեթե ամբողջությամբ արժեզրկվեցին «հավատարմագրված բուհ» գաղափարը, «Կրթության մասին» օրենքի մի շարք հոդվածներ: Ռեկտորներն ուշադրություն են հրավիրում նշված օրենքով սահմանված պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովմանը: Ըստ «Կրթության մասին» օրենքի հոդված 44-ի 5-րդ մասի. «Պետական մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»: Ռեկտորները նախարարին դիմելով՝ անհանդուրժելի են համարում «պետական, տրանսազգային կամ ՀՀ-ում արտոնյալ կարգավիճակով գործող բազմաթիվ այլ բուհերի եւ պետհավատարմագրված ոչ պետական բուհերի միջեւ առկա բազմաբնույթ խտրականությունները»: Նրանք նշում են, որ բակալավրի կրթական աստիճանով պետհավատարմագրված բուհերի հավատարմագրումը մագիստրոսի կրթական աստիճանով ընդհատվել է 2005թ.-ից, ինչի արդյունքում գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործընթացը կանգ է առել: Ռեկտորները խնդրում են, որ մինչեւ 2015թ. պետական բուհերի օրինակով բակալավրի կրթական ծրագրով պետհավատարմագրված բուհերի մագիստրոսի կրթական աստիճանով շրջանավարտներին նույնպես շնորհվի պետական մարմինների եւ ՊՈԱԿ-ների կողմից ընդունելի ավարտական փաստաթղթեր՝ հետեւյալ գրառումով. «Դիպլոմը պետական փաստաթուղթ է բարձրագույն կրթության մասին»: Ի դեպ, նրանք նախարար Աշոտյանին հավելյալ տեղեկացնում են, որ ՀՀ օրենսդրության համաձայն, ՀՀ-ում գործող բուհերի մեջ ամենաբարձր իրավական կարգավիճակն ունեն պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանները եւ այնտեղ սովորողների համար ամեն մի խտրականություն պառակտելու է ուսանողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել