Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ

Հունիս 22,2011 00:00

Ազատված աշխատակիցներին միանգամից զորացրում են

\"\"

Ռազմական նշանակություն ունեցող քիմիական գումարտակներում կրճատումներ են իրականացվում: Այս համակարգի աշխատակիցների մի մասը մնացել է առանց աշխատանքի: Ընդ որում, նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել աշխատանքից, միանգամից զորացրվում են եւ գոնե կադրերի ռեզերվ չեն ուղարկվում: Թե ինչն է հանդիսացել այս համակարգի կրճատումների պատճառը կամ ինչու են մի քանի աշխատակիցներ մնացել առանց աշխատանքի, որեւէ մեկին հավուր պատշաճի բացատրություն չի ներկայացվել, ինչպես նաեւ ծանուցում չի տրվել: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրին ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ըստ նրանց, օպտիմալացման արդյունքում տուժել են հատկապես այս համակարգի Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները: Այստեղի մոտ 30 աշխատակիցներից միայն 20-22-ն են մնացել իրենց պաշտոններին եւ տեղափոխվել են կրկին կրճատումների ենթարկված Էջմիածնի ստորաբաժանում: Նշենք նաեւ, որ հին աշխատակիցներից 1-2-ն իրենք չեն համաձայնել տեղափոխվել Էջմիածին, քանզի վստահ չեն եղել, որ իրենց վարձակալած բնակարանների վարձավճարները, ինչպես որ խոստացվել է, կվճարի հիմնարկը: Նրանց անհավատ լինելուն նպաստել է այն, որ նախորդ տեղափոխումների ժամանակ որեւէ աշխատակցի վարձակալած բնակարանի վճար չի մուծվել հիմնարկի կողմից: Արդեն տեղափոխվածների մեծ մասն էլ համաձայնել է առաջարկվող աշխատանքին, որովհետեւ դա իր ընտանիքի գոյատեւման եւ կերակրման միակ եկամտի աղբյուրն է եղել: Սա հասկանալի է այն դեպքում, եթե այդ աշխատակիցների աշխատավարձը հասնում է 300-400 հազար դրամի, իսկ այդ աշխատակիցները, որոնք 90 հազար դրամից ավելի գումար չեն վաստակում, ինչպես են այդքան գումարով բնակարան վարձելու, կոմունալ վճարները մուծելու, կերակրվելու եւ այլ ծախսեր անելու:
Հետաքրքիր է, որ աշխատանքից դուրս է մնացել Վանաձորի քիմիական գումարտակի հրամանատարը, չնայած նրա ստորադասները հավաստիացնում են, վերջինս հիանալի աշխատակից է եղել: Աշխատանքից ազատվել են նաեւ 4-5 սպաներ, տեխնիկական աշխատողն ու էլեկտրիկը, ինչպես նաեւ ճաշարանը սպասարկող անձնակազմը: Տեխնիկական աշխատողն ինքն է հրաժարվել իրեն առաջարկվող աշխատանքից, քանի որ հիվանդ ամուսին ունի եւ չի կարող նրան էլ տեղափոխել Էջմիածին: Եվս մեկ աշխատող է հրաժարվել նոր աշխատանքից, քանի որ տանը հոգեկան հիվանդ ունեն եւ չի կարող մորը միայնակ թողնել նրա հետ:
Նկատենք, որ թափուր մնացած աշխատատեղերում, ինչպես հավաստիացնում են քիմիական գումարտակի աշխատակիցները, նոր աշխատակիցներ աշխատանքի չեն անցնում, նրանց աշխատանքը կատարում են հին աշխատողները՝ ստանալով մի փոքր ավելի գումար: Ուշագրավ է, որ արդեն լուծարված համարվող Վանաձորի այս ստորաբաժանումում մնացել են 2 կին աշխատողներ, որոնց գործունեության ոլորտն անհասկանալի է:
Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ռազմական նշանակություն ունեցող քիմիական գումարտակների վերադաս՝ պաշտպանության նախարարությունից, սակայն նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը զայրացավ մեր հարցերից, սկսել գոռալ եւ ասաց, որ օրենքն իրենց թույլ է տալիս 5 օրվա կամ անգամ 30 օրվա ընթացքում պատասխանել մեր հարցերին: Նշենք, որ մենք նրան զանգում էինք 3 օր շարունակ եւ, ի վերջո, մեր հարցերը գրավոր ուղակեցինք նրա էլեկտրոնային փոստին: Չնայած այս ամենին՝ մենք պատրաստ ենք այս խնդրի հետ կապված պարզաբանումները տպագրել նաեւ առաջիկայում: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչն է կրճատումների պատճառը, ինչ սկզբունքով են իրականացվել կրճատումները, որոնք են եղել չափորոշիչները, ինչու են այստեղից ազատված աշխատողներին միանգամից զորացրում եւ ինչու նրանց աշխատանքից ազատվելու վերաբերյալ կոնկրետ բացատրություն չի ներկայացվել: Հարցրել էինք նաեւ՝ ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ տեղափոխված աշխատակիցներին միշտ խոստացվում է, որ նրանց վարձակալած բնակարանների վարձը կվճարվի եւ, ի վերջո, նման բան տեղի չի ունենում:
Մեր հարցումից անցել է 10 օր, սակայն ՊՆ-ից պատասխանն այդպես էլ չենք ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել