Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունիս 22,2011 00:00

Երեկ Գյումրիի արվեստների ակադեմիայում առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանի մասնակցությամբ նշվեց Բուժաշխատողների տոնը: Թերեւս սա առաջին դեպքն էր, որ մարզի ղեկավարությունը հիշել էր շիրակցի բուժաշխատողներին, այդ թվում նաեւ հիվանդանոցների մի խումբ սանիտարների, որոնց դրամական պարգեւներ շնորհվեցին: Հիվանդանոցների որոշ տնօրեններ էլ արժանացան Շիրակի մարզպետարանի հուշամեդալին, որն ըստ էության նորություն է, եւ դրանով առաջին անգամ պարգեւատրել են 91-ամյա ամերկահայ բժիշկ-բարերար Հովհաննես Օյունջյանին: Մինչ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը ոգեւորված զեկուցում էր առողջապահության ոլորտի դրական փոփոխությունների մասին՝ անզեն աչքով էլ կարելի էր նկատել, որ Շիրակի առողջապահությունը ծերանում է. դահլիճում նստած բուժաշխատողների մեջ դժվար էր գտնել երիտասարդ կադրերի: Ու չնայած տոն էր, ու ժամանակը չէր խոսելու այս ոլորտում տեղ գտած կոռուպցիայից, այդուհանդերձ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը պարգեւատրվող հիվանդանոցների տնօրեններին ու առանձին բժիշկների թեթեւակիորեն հասկացրեց, որ չարժե շատ ոգեւորվել եւ որ պարգեւատրել՝ չի նշանակում արտոնություն շնորհել: «Ես որպես մարզպետ հիմա չեմ ուզում խոսել այս ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերից, դեռ առիթներ կլինեն խոսելու, բայց եւ պիտի ասեմ, որ կան ոլորտներ, որոնք իմ հսկողության տակ են եւ հետամուտ եմ լինելու բացասական երեւույթները վերացնելու: Առողջ եղեք, որ մեզ կարողանաք առողջություն պարգեւել»,- մաղթեց մարզպետը: Այնուհետ մարզային ղեկավարությունը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ եղան Գյումրիում կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոցի շինհրապարակում, որտեղ եւ նախարարը խոսեց այս ոլորտի մի շարք բարեփոխումների, այդ թվում՝ նաեւ շտապօգնության հին մեքենաները նոր ու ժամանակակից մեքենաներով փոխարինելու մասին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել