Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուննաթ» վարորդներն ինքնըստինքյան դուրս կմղվեն

Հունիս 22,2011 00:00

Նրանց կփոխարինեն սափրվածներն ու բարեկիրթները

«Մեր քաղաքացիներն անվստահության զգացում ունեն մայրաքաղաքի վերաբերյալ որոշում կայացնողների նկատմամբ: Նրանք թերահավատությամբ են վերաբերվում մեր բիզնես-ծրագրերին: Այդ առթիվ մի անեկդոտ եմ ուզում պատմել. Մի մարդ փիղ է վաճառում ու գովում՝ անգլերեն գիտի, չինարեն, ֆրանսերեն, գործ էլ է անում: Գնորդը ոգեւորվում է ու գնում փիղը: Անցնում են ամիսներ, գնորդը տեսնում է, որ այս փիղը ոչ խոսում է, ոչ էլ գործ անում, գնում է վաճառողին ասում, թե ոչ մի բան էլ չի ասում ու չի անում, ինքը պատրաստ է այդ փիղը կես գնով վերադարձնել, բայց վաճառողը պատասխանում է՝ այդպիսի տրամադրությամբ ոչ մի բան էլ չես վաճառի»,- երեկ տեղի ունեցած ասուլիսում, բացատրելով երեւանցիների տրամադրությունները տրանսպորտի, համայնքային եւ այլ ոլորտներում շահույթ հետապնդելու խնդիրների նկատմամբ, հայտարարեց քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ հաճախ նաեւ քաղաքացին իր պարտավորությունները չի կատարում: «Օրինակ, եթե մարդիկ միասին պայքարել են, որ իրենց բակում շինարարություն կամ այլ ծրագիր չիրականացվի, այդ բակերում նման բան չի եղել, ռեալ նման բան չկա: Եթե մենք ունենանք այնպիսի տրամադրություններ, թե այս երկրում ոչ մի բան չի փոխվի, ապա չի փոխվի: Իհարկե, քաղաքացին իրավունք ունի պահանջելու, բայց նա նաեւ պարտավորություններ ունի կատարելու: Համաձայնեք, որ մեզանից շատերն անգամ տեղյակ չեն իրենց համատիրությունների մասին»,- վստահեցրեց նա:
Խոսելով տրանսպորտային ոլորտի բարեփոխումների մասին, պարոն Կարապետյանն ասաց, որ այս ոլորտի բարեփոխումների շրջանակի մեջ է մտնում մետրոյի աշխատանքը խթանելը. «Հուլիսի 1-ից Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի սակագները կթանկանան եւ այսօր գործող 50 դրամի փոխարեն մետրոյի ուղեվարձը կդառնա 100 դրամ: Հիմա կառավարության կողմից մետրոյի սուբսիդավորումը տարեցտարի աճում է ու մետրոյի ծախսի ինքնարժեքը դարձել է արդեն 160 դրամ: Դրա պատճառները տաբեր են՝ էլեկտրաէներգիան է թանկացել, սղաճ կա, նվազագույն աշխատավարձն է բարձրացել, իսկ մետրոյի հնարավորությունները քիչ են, աշխատողների աշխատավարձերն էլ չեն բարձրանում: Այս բեռը տանելու տրամաբանությունը եւ հնարավորությունները չկան, եւ մենք որոշել ենք հուլիսի 1-ից մետրոյի սակագինը դարձնել 100 դրամ»:
Այն հարցին, թե ուղեվարձը թանկացնելո՞վ են մետրոյի աշխատանքը խթանում, քաղաքապետը պատասխանեց. «Հիմա կան երթուղիներ, որոնք մետրոյի երթուղով են գնում, դրանք հանվելու են, որպեսզի մարդիկ ավելի շատ մետրոյից օգտվեն: Հիմա մետրոյից տարեկան օգտվում է 20 միլիոն մարդ, որը ընդհանուր ուղեւորահոսքի 9,6%-ն է»: Բացի այդ, Կ. Կարապետյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից մայրաքաղաքում գործելու է երթուղային նոր եւ խելացի ցանց՝ մեծ ու միջին նոր ավտոբուսներով. «Ուղեվարձը չի թանկանալու: Եթե մենք տեսնենք, որ այդ նոր ցանցն ի վիճակի չէ 100 դրամ սակագնով աշխատելու, ապա կգնանք սուբսիդավորման: Հիմիկվա սակագնին լրիվ համապատասխան է տրանսպորտի եղած իրավիճակը»:
Մեր այն հարցին՝ նոր եւ խելացի ցանցի մշակման ժամանակ որպես չափորոշիչ ընդունվե՞լ է այն փաստը, որ մայրաքաղաքի երթուղայինները չվարեն «մուննաթ եկող» եւ ծխող վարորդներ, քաղաքապետը պատասխանեց. «Նոր ցանցում նման մարդիկ չեն աշխատելու: Այդ երեւույթների դեմ պետք է պայքարենք բոլորս: Ես անգամ ակցիա անցկացնելու ծրագիր ունեի, որ քաղաքում աղբ նետողներին իրավունք ունենար տուգանել յուրաքանչյուր քաղաքացի, այդ տուգանքի գումարն էլ գնար տուգանող քաղաքացուն, սակայն իրավաբաններն ինձ ասացին, որ նման բան հնարավոր չէ անել: Նման ձեւով պետք է բոլորով պայքարեն ծխող եւ «մուննաթ» եկող վարորդների դեմ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել