Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի օբյեկտներից հնչող բարձր երաժշտությունն ու կազմակերպված հրավառությունները չխաթարեն բնակչության անդորրը:
Տասնյակ տարիներ է՝ զվարճանքի օբյեկտներին մոտ ապրող բնակիչները պարզապես սթրեսի են ենթարկվում այդ օբյեկտներից հնչող երաժշտության բարձր ձայներից: Քեֆ-ուրախությանն էլ, որպես կանոն, հաջորդում է բամբ ձայներով տեղի ունեցող հրավառությունը: Անկախ նրանից, որ այդ ամենն օրենքով կարգավորվում է, միեւնույն է, ժամանցի օբյեկտները երբ ուզում, ինչքան ուզում եւ որտեղ ուզում՝ հրավառություն են կազմակերպում, հաշվի չառնելով որեւէ մեկի իրավունքները: Տարիներ շարունակ հրավառությունների, ինչպես նաեւ բարձր երաժշտության ձայնի ներքո են գիշերում Հրազդանի կիրճի եւ Պռոշյան փողոցի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Հարավարեւմտյան թաղամասի, Կենտրոնի, Մարաշի եւ այլ օբյեկտախեղդ արված թաղամասերի բնակիչները: Նրանք ամեն օր սրտաճաք են լինում օրվա տարբեր ժամերին պայթող հրավառություններից եւ հանկարծակի միացվող չափազանց բարձր երաժշտությունից: Հրազդանի կիրճում տեղակայված օբյեկտներից մի քանիսի կազմակերպած հրավառությունը տեւում է 40-50 րոպե եւ, որպես կանոն, այն սկսվում է ժամը 23-ից հետո, իսկ երաժշտության ձայնն այստեղ ամեն օր չի լռում մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Մասնագետները ահազանգում են, որ առողջ մարդկանց հանգստի խախտումը, ինչպես նաեւ անընդհատ վախի մթնոլորտում անցկացրած ժամանակը կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ՝ հատկապես երեխաների շրջանում: Էլ չենք խոսում այն մարդկանց մասին, որոնք խրոնիկական հիվանդություններ ունեն եւ ամեն հրավառության հետ վեր են թռչում:
Այս ոլորտը կարգավորվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180-րդ հոդվածով, ըստ որի՝ ժամը 22-ից մինչեւ հաջորդ առավոտվա ժամը 6-ը որեւէ կազմակերպություն կամ օբյեկտ իրավունք չունի լռությունը խախտելու: Օրենքը խախտողը կպատժվի 50-100 հազար դրամով: Սակայն նշենք, որ օբյեկտի տերերը հրավառությունից այնքան մեծ շահույթներ են ստանում, որ 50-100 հազար դրամն էական վնաս չի հասցնում նրանց: Նկատենք նաեւ, որ այս տուգանքի չափը ոչ մի անգամ չի ավելանում, եթե անգամ ռեստորանը կամ այլ ժամանցի օբյեկտը օրենքը խախտում է կրկնակի, եռակի, այդ իսկ պատճառով օբյեկտների սեփականատերերին վարչական պատասխանատվության ենթարկելը բոլորովին էլ չի խանգարում տուգանքները վճարել եւ շարունակել անօրինական կերպով խաթարել մայրաքաղաքի բնակիչների անդորրը:
Երեւան քաղաքում հրավառություններ կազմակերպելու հարցը կանոնակարգելու խնդրանքով ամեն օր Երեւանի քաղաքապետարան են դիմում մեր քաղաքի բազմաթիվ բնակիչներ, նրանք անգամ առաջարկություններ են գրում քաղաքապետ Կարեն Կարապետյանի սոցիալական Facebook էջի պատին: Բողոքները հիմնականում վերաբերում են գիշերային ուշ ժամերին հաճախ բազմաբնակարան շենքերի բակերում իրականացվող հրավառություններին, որոնք անհանգստություն են պատճառում ինչպես աղմուկի, այնպես էլ անվտանգության կանոնների բացակայության պատճառով: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին քաղաքապետարանի լրատվական վարչությունից. «Կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլեւ հաճախ հրդեհների ու այլ արտակարգ իրավիճակների պատճառ են դառնում։ Բացի այդ, չսերտիֆիկացված, կասկածելի ծագում ունեցող ներմուծվող հրագործական արտադրանքի կիրառման հետեւանքով օգտագործողները հաճախ ոչ միայն իրենք են մարմնական վնասվածքներ ստանում, այլեւ դրանց օգտագործումը վտանգավոր է նաեւ շրջապատի համար։ Հաշվի առնելով բնակչության արդարացի դժգոհությունն ու խնդրի կարգավորման հրատապությունը՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել կառավարության կողմից հրավառության թույլտվության ընդհանուր կարգ սահմանելու մասին համապատասխան որոշում ընդունելու առաջարկությամբ։ Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել, որ հրավառություն կարող է կազմակերպվել, եթե առկա է համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան թույլտվություն, որի համար պետք է վճարվի տեղական տուրք։ Առաջարկվում է նաեւ առանց թույլտվության հրավառություն կազմակերպելու համար նախատեսել վարչական պատասխանատվություն։ Նկատի ունենալով հանգամանքը, որ հրավառությունների կազմակերպման խնդիրներն առնչվում են պետական մի շարք մարմինների գործառույթների հետ, նաեւ առաջարկվել է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»։
Հույս ունենանք, որ նոր կարգի ընդունումից հետո այս հարցը կլուծվի եւ օրվա ընթացքում գոնե որոշ չափով մեր քաղաքի բնակիչների անդորրը չի խաթարվի: