Երեկ հրապարակվեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված եւ վերլուծված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները»: Այդ վերլուծության հիմքում ընկած է 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկը: Արդյունքում պարզվել է.
Իրացումից հասույթը 2011-ի ապրիլ ամսին կազմել է 191,9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 7,9%-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 250 կազմակերպությունների մոտ՝ 36,7 մլրդ դրամով, եւ նվազել 190-ի մոտ՝ 22,7 մլրդ դրամով:
Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 13,8%–ով եւ կազմել 75,1 մլրդ դրամ: Ներմուծման ծավալները աճել են 158 կազմակերպությունների մոտ շուրջ 25.3 մլրդ դրամով եւ նվազել 150-ի մոտ համապատասխանաբար 16.3 մլրդ դրամով:
Արտահանման ծավալները 2011թ. ապրիլին կազմել են 28.9 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 24.2 մլրդ դրամի փոխարեն:
Պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ. ապրիլին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 25.9 մլրդ դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ. ապրիլ ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 62.3%–ը:
2011թ. ապրիլին հարկային մարմնի կողմից կատարվել են 89 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 170.9 մլն դրամի չափով:
01.05.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 73.9 մլրդ դրամ գերավճար, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի գծով՝ 51.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն՝ 6.7 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ. ապրիլ ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձեւակերպում է կատարվել 1462.9 մլն դրամի չափով: