Լրահոս
Օրվա լրահոսը

Կազանը հեղափոխություն չի բերի

Հունիս 22,2011 00:00

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը հեղափոխական փոփոխություններ չի տեսնում: Երեկվա ասուլիսում նա ասաց, որ նման բարդ հակամարտությունների դեպքում քննարկումները քայլ առ քայլ մոտեցնում են անխուսափելի որոշումների. «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրկնության դեպքում միջազգային հանրությունը Հայաստանի հետ միասին կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բոլոր նախադրյալները կան»: Պատգամավորը, այնուամենայնիվ, չի կարծում, թե նախագահների հանդիպման ընթացքում հիմնարար սկզբունքները կստորագրվեն. «Քանի որ ամբողջ աշխատանքը առայժմ կատարվում է դրանց վերջնական հաստատման ուղղությամբ»: Պարոն Մինասյանը, անդրադառնալով նախագահների հանդիպումից առաջ արձանագրված հայտարարություններին ու փաստաթղթերին, նկատեց, որ միջազգային հանրության վերաբերմունքը փոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի նկատմամբ. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հայտարարության մեջ հետաքրքիր դիտարկում կա: Այստեղ հիմնարար սկզբունքների վերաբերյալ մանրամասներ կան, որոնք այդպես էլ չմեկնաբանվեցին ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներով»: Պարոն Մինասյանի դիտարկմամբ, առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է մեծ համաձայնագրի մշակումն ու կնքումն իրականացնել. «Միջազգային հանրությունն արդեն հակված է բանակցային գործընթացի այս փուլում ներգրավել Արցախի մասնակցությունը»: Պարոն Մինասյանի խոսքով, Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ չի խոսել զիջումների մասին ու երբեք չի գնա փոխզիջումների. «Ունենք մեր սկզբունքները, որոնցից երբեք չենք հրաժարվի: Դրանք վաղուց հռչակված են: Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ղարաբաղի անվտանգությունը պետք է հուսալիորեն պաշտպանված լինի, եւ Ղարաբաղը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի հետ: Այս սկզբունքները մազաչափ անգամ չեն խաթարվում փաստաթղթերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել