Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ ՎԱՐԿԵՐԻ ՏԱԿ «ՃՌՌՈ՞ՒՄ Է»

Հունիս 22,2011 00:00

Գազալցակայանը ձեռք բերելու համար նա  բանկում գրավ է դրել

\"\"

«Մարտունու պանրագործարան» ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը շարունակում է բողոքել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈՒ ԳՇ) պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ապօրինի գործողություններից: Արդեն 4 տարի է՝ գործարարը դատական քաշքշուկների մեջ է ու այդպես էլ չի կարողանում վերականգնել սեփականության իրավունքը: Բանն այն է, որ գեներալի որդին՝ Պավել Բաղմանյանը, պանրագործարանի տարածքում Թ. Բաղդասարյանի թույլտվությամբ մի քանի տարի առաջ գազալցակայան է կառուցել, ինչից հետո, գործարանի տնօրենի պատմելով, խախտել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը եւ ոչ միայն սկսել է տնօրինել գազալցակայանից ստացված եկամուտը, այլեւ «աչքը գցել է» գործարանի 6 հազար քմ հողատարածքի վրա: «Հենց եկավ շահույթները հաշվելու ժամանակը, գեներալը սիգնալներ ուղարկեց, թե առաջիկա 6 ամսվա ընթացքում ոչ մի վճարում չի կարողանա անել: Ես էլ նրա դրության մեջ մտա, ասեցի՝ դե, մարդ է, էլի: Բայց հետո պարզվեց, որ սա մեծ ախորժակ ունի: Բաղմանյանը, օգտագործելով իր կապերը, բռնազավթելով տարածքը, ենթակայանը, շինմատերիալը, մինչեւ օրս օգտագործում է իմ սեփականությունը: Շարքային քաղաքացուն հիմա վաղուց դրա համար բանտարկել էին, էս մարդու դեմը ոչ մեկ չի առնում»,- զարմանում է գործարարը: Նրա հավաստմամբ, գեներալին հաջողվել է Մարտունու քաղաքապետարանի եւ Անշարժ գույքի պետական կադաստրի օգնությամբ տիրանալ իրեն պատկանող գործարանի հողամասի մի հատվածին:
«Դեռ 1968-ին Հայկական ՍՍՀ մինիստրների սովետի որոշմամբ պանրագործարանին էր հատկացվել 6հա հողամաս: Հատկացումը օրինական է, ու կան բոլոր փաստաթղթերը, բայց կադաստրում կեղծարարությամբ այնպես կազմակերպվեց գործը, որ պարզվեց, թե այդ հողակտորը գրանցված չէ»,- բացատրում է պարոն Բաղդասարյանը: Բացի կադաստրից, գեներալին լավություն են արել նաեւ Մարտունու քաղաքապետարանում:
Այստեղ, դեռ պարզ չէ, կառավարությանը խաբելով, թե միջնորդելով՝ հատուկ որոշում է ընդունվել: Կառավարության այդ որոշմամբ (2006թ., թիվ 135) գեներալի որդու գազալցակայանի զբաղեցրած տարածքը համարվել է Մարտունու քաղաքային համայնքի սեփականություն: Բացի այդ, փաստորեն կառավարությունը համայնքին է հատկացրել օրենքով Թ. Բաղդասարյանին պատկանող հողատարածքը: «Սենց օյին գլխիս բերեցին, որ ավելի հեշտ ճանապարհով իմ սեփականությունը տան գեներալին»,- բացատրում է «Մարտունու պանրագործարան» ընկերության տնօրենը:
Իր հերթին գեներալ Հայկազ Բաղմանյանը «Առավոտի» հետ զրույցում հակառակն էր պնդում:
«Իրանք եկել են, ինձ խնդրել են՝ համագործակցենք: Թաթուլին ոչ տեսել եմ, ոչ էլ ճանաչում եմ: Համագործակցությունը սկսել ենք նրա հորեղբոր տղայի՝ Հուսիկի միջնորդությամբ: Շատ խնդրեցին՝ ներդրումներ անենք, ամեն ինչ նորմալ հունով ընթանում էր: Մեր կողմը իր բոլոր պարտավորությունները ժամանակին կատարել է: Թաթուլը հետաքրքիր տղա դուրս եկավ, ուզում է այդ հողատարածքը հետ վերցնի, բայց տենց բան ո՞նց կլինի, գումարը ես դնեմ, ինքը հե՞տ վերցնի: 100%-անոց ներդրում եմ արել, իրանից, իբր թե, եղել է միայն հողը: Հիմա մենակ ասում է՝ էս հողն իմն է, ու վերջ: Բայց պարզվում է, որ էդ հողն ընդհանրապես իրանը չի եղել»: Պարոն Բաղմանյանի խոսքով, մոտ $450000-ի ներդրումներ է արել. «Ոմն Թաթուլը քնեց-վեր կացավ, որոշեց գա՝ պատրաստ գազալցակայանին տիրանա: Չեք պատկերացնի՝ ինչ ծայրահեղ քայլերի եմ դիմել ներդրումներն անելու համար, բանկերում գրավ եմ դրել: Հիմա Թաթուլի հետ ոչ մի կապ չունենք, հողակտորը պատկանում է քաղաքապետարանին, մենք հայցով դիմել ենք դատարան, որ քաղաքապետարանը օրինականացնի այդ հողը ու տա ինձ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել