Լրահոս
Օրվա լրահոսը

Կազանը՝ վերջակետ

Հունիս 22,2011 00:00

Ըստ ՀԱՍԿ նախագահի, Հայաստանում այլընտրանքային քաղաքականություն վարող իշխանությունների հարց է առաջանալու:

Հունիսի 25-ին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ տարատեսակ կարծիքներ են հնչել եւ հնչում, շատերը նկատում են, որ Կազանում էական որեւէ զարգացում կամ տեղաշարժ չի լինելու: Այս տեսակետի հետ համաձայն չէ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության՝ ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը: «Առավոտի» հետ զրույցում հարցը դիտարկելով պատմական զուգահեռների հարթությունում՝ պարոն Շահվերդյանը ասաց, որ Հայաստանի ու Արցախի շուրջ այս ամենը իրեն հիշեցնում է անցած դարասկզբին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ երբ Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը ավարտվեց մարտի 16-ի տխրահռչակ պայմանագրով. «Արժանի չէինք, բայց հայտնվեցինք այդ վիճակում»:
«Դա անհոգություն է երեւի՝ յուրահատուկ մեր հոգեբանությանը: Երբ մեր շուրջը կատարվում են լուրջ իրադարձություններ, ամբողջ աշխարհը զբաղվում է մեզանով, մենք ինքներս մեզանով չենք զբաղվում եւ ընկնում ենք ոչ ճիշտ, ոչ ադեկվատ մտքերի եւ իրավիճակի մեջ: Մինչդեռ Կազանի հանդիպումը վճռորոշ է լինելու: Ինչու եմ այսպես կարծում, որովհետեւ ես ուշադիր հետեւում եմ այս բոլոր գործընթացներին, երբեք դիվանագիտական ասպարեզում նման ակտիվություն չի նկատվել, ինչպես այս վերջին շաբաթներին: Նախկինում էլ եղել են քննարկումներ, հանդիպումներ, բայց այսպիսի վճռական եւ հստակ տրամադրվածություն մեծ տերությունների կողմից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, չի եղել»,- հայտարարեց պարոն Շահվերդյանը:
Ըստ ՀԱՍԿ նախագահի, գաղտնիք չէ, որ հարցը լուծվում է գերտերությունների ցանկություններով եւ տրամադրություններով եւ ոչ թե մեր, իսկ մենք էլ, «ցավոք սրտի, միայն մեր ցանկություններն ենք արտահայտում ու ենթադրում, որ այն, ինչ մեզ ձեռնտու չէ, չի կարող իրականանալ: Այդպես չի լինելու: Իրականանալու է այն, ինչ այս աշխարհի հզորներն են որոշելու, ինչպես եղել է նախկինում, ինչպես մեզ հետ վարվել են մեր պատմության ընթացքում»:
Այս մարտահրավերը նկատի ունենալով էլ՝ մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է կարողանա ադեկվատ պատասխան տալ այն իրադարձություններին, որոնք սպասվում են մեզ շաբաթավերջում: Միաժամանակ վստահ է, որ անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի Կազանի հանդիպումը, «Սերժ Սարգսյանը կստորագրի առաջարկվող փաստաթուղթը, որը իմիջիայլոց մեծագույն ցանկության դեպքում անգամ հայանպաստ անվանել չի կարելի, կամ կհրաժարվի ստորագրել, միեւնույն է՝ հանդիպումը կատալիզատորի դեր է կատարելու ինչպես արտաքին, այնպես էլ Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների համար: Առանձնահատուկ շեշտում եմ, որ եթե մյուս քաղաքական ուժերը, անկախ իրենց որակից, բովանդակությունից, էությունից, չեն ուզում դուրս մնալ հետագա գործընթացներից, որոնք անպայման են սկսվելու այդ հանդիպումից հետո, եւ չեն ուզում դաշտը թողնել միայն ՀԱԿ-ՀՀԿ հարաբերություններին, պետք է կարողանան իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը եւ ճշտեն իրենց մոտակա անելիքները, այլապես հետո ուշ կլինի, առաջին հերթին՝ հենց նրանց համար: Համապատասխան աշխատանք պետք է անեն նաեւ լրատվամիջոցները՝ հասարակությանը իրազեկելու համար իրականում տեղի ունեցող գործընթացներին»:
Այսօր Կազանը վճռորոշ հանգրվան համարողներին հիշեցնենք, որ նման գնահատականներ հնչել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք Ղարաբաղի այս կամ այն զարգացման վերաբերյալ, ու եթե այդպես է, ապա այսօր վիճակը ինչո՞վ է տարբերվում, մեր այս հարցին ի պատասխան՝ ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը նկատեց. «Ասացի. այսպիսի վճռական եւ հստակ տրամադրվածություն մեծ տերությունների կողմից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, չի եղել: Արդեն երեք հայտարարություն են արել: Հայաստանում ոչ ոք թող չկարծի, թե աշխարհի երեք հզորագույն քաղաքական կենտրոնները բանուգործ չունեն եւ իրենց ավելորդ ժամանակը սպառելու համար Արցախի կամ Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են անում: Եթե նրանք նման լուրջ ու կոնկրետ հայտարարություն են անում, նշանակում է, որ կա նման լուրջ տրամադրվածություն: Նման բան երբեք չէր եղել: Անգամ նախկին երկու հայտարարությունները համեմատելի չեն Դովիլի հայտարարության հետ»:
Ասել կուզի՝ Կազանով գործընթացը սկսվո՞ւմ է: «Ես կասեի՝ Կազանով գործընթացը փակվում է, այն, ինչ որ մինչ հիմա եղել է, կարծես տեղ ենք հասնում, վերջանում է: Անցնում ենք այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք արցախյան հիմնախնդրի կարգավորման-լուծման համար: Դա միայն իմ կարծիքը չէ, վերջերս ֆրանսիացի համանախագահը ասաց, որ կարգավորման երկու տարբերակ առաջարկվել եւ մերժվել է, եւ եթե երրորդ տարբերակն էլ մերժվի, նշանակում է՝ նրանք արդեն կարծես անելիք չունեն: Եվ ինչպես Դովիլի հայտարարության մեջ ասվեց՝ եթե այս երրորդ տարբերակն էլ մերժվի, եթե այս հանդիպումն էլ արդյունք չտա, միջնորդները կարող են եզրահանգման գալ, որ պարզապես երկու երկրների ղեկավարները ցանկություն չունեն համաձայնության գալու, նրանք հանձնառու չեն: Ես շատ լավ գիտեմ, թե այս դիվանագիտական ձեւակերպումը ինչ է նշանակում: Եթե գերտերությունները ասում են՝ երկու երկրների ղեկավարները հանձնառու չեն, դրա ենթատեքստն այն է, որ նրանք կարող են այն իշխանությունների հետ գործ ունենալ, որոնք հանձնառու կլինեն: Այնպես որ, շեշտում եմ, եթե անգամ չստորագրվի ոչ հայանպաստ փաստաթուղթը, որը առաջարկվելու է Կազանում, այդ դեպքում կարելի է ասել, որ վերջին շրջանում արցախյան հիմնախնդրի հարցում տարվող քաղաքականությունը հիմնովին ձախողվել է, փակվում է այդ էջը, նոր գործընթաց է սկսվելու»,- պատասխանեց պրն Շահվերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել