Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՌԵՍՈՒՐՍ ՉՈՒՆԵՆՔ

Հունիս 22,2011 00:00

\"\"ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ  Սերժ Սարգսյանի պատասխանը ՀԱԿ-ին հանրային կյանքին որակապես  նոր ուղղություն, նոր բովանդակություն հաղորդելու հնարավորությունները արդյունավետ օգտագործելու առաջարկ է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց երկխոսության պատրաստ ՀԱԿ-ին: Պատվիրակություն չձեւավորվեց, բայց պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը կարող է շփումներ ունենալ ԱԺ նախագահի, վարչապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Ի՞նչ հանգրվանի ենք հասել, մեր այս հարցին ի պատասխան՝ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը ասաց, որ մենք ակամայից ականատեսն ենք ներքաղաքական կյանքում որակական, արմատական տեղաշարժերի, «տեղաշարժեր, որոնք նույնիսկ կարող են հանրային կյանքը տեղափոխել որակապես նոր՝ կառուցողական հուն: Ամենաէականն այն է, որ հանրային գիտակցությունը հարստացավ քաղաքական երկխոսության գաղափարի լիարժեք, լիարյուն մեկնաբանությամբ»:
Ըստ պարոն Հարությունյանի՝ սկզբնական փուլում հանրային գիտակցության մեջ կարծեք թե դաջվել էր այն կարծիքը, թե երկխոսություն ասածը ընդամենը նշանակում է երկու կողմ. մի կողմից՝ արտախորհրդարանական ազդեցիկ ընդդիմություն, մյուս կողմից՝ իշխանություններ: Բայց հետագա մեկնաբանությունները, նախ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ ապա՝ հենց նախագահի, ավելի կոնկրետացան եւ հարստացան եւ բերեցին պարզ ընկալումների: «Խոսքը ոչ թե իշխանություն եւ ընդդիմադիր մեկ ուժ փոխհարաբերությունների եւ քաղաքական երկխոսության մասին է, այլ իշխանության եւ ընդդիմության՝ որպես հանրային կյանքի կազմակերպման ինստիտուտ, հարաբերությունների որակական նոր մեկնաբանությունների մասին: Հանրապետության նախագահը ինստիտուցիոնալ լուծումներ է առաջարկում ոչ թե ընդդիմությանը, այլ հանրությանը»,- կարծում է Խոսրով Հարությունյանը:
Նկատեցինք, որ եթե իշխանությունը ուներ այդ գիտակցումը, ապա ինչո՞ւ ավելի վաղ նման նախաձեռնություն չեղավ, նման բան չարվեց, մեր զրուցակիցը ասաց. «Եկեք այդպես պարզունակ չդնենք հարցը: Կներեք այս ձեւակերպմանս համար: Բաներ կան, որ ժամանակը իր հետ բերում է: Հանրային կյանքի զարգացումները թելադրում են տրամաբանական մոտեցումներ եւ լուծումներ: Հարցն այն է, թե ով որքան պատասխանատու եւ որքան խորությամբ է վերաբերվում այդ զարգացումներին եւ դրա հնարավոր հեռանկարին: Եթե նպատակը պարզապես շարժումներ կատարելն է, դրա համար շատ մեծ երեւակայություն պետք չէ: Ինձ համար ամենաէականը եւ հաճելի անսպասելին հանրապետության նախագահի արձագանքն էր. հարգելի հանրություն, ես առաջարկում եմ ընդդիմության գործունեության համար ավելի լուրջ, ավելի կատարյալ, ավելի արդյունավետ, անկասկած՝ ավելի կառուցողական, ամբոխավարումից հեռու, բայց շատ նպատակադրված գործելակերպ, հնարավորություն: Հարցեր ունեք կառավարության հետ՝ խնդրեմ, կառավարության ղեկավարը, հարցեր ունեք նախագահի հետ՝ խնդրեմ, աշխատակազմի ղեկավարը՝ իմ ամենաբարձրաստիճան պաշտոնյան»:
ՀՔԴՄ նախագահը ենթադրում է, որ որեւէ խորհրդարանական ուժ կցանկանար նման հայտարարության հասցեատերը լինել, ու ըստ այդմ՝ տրամաբանական է համարում այն ձնհալը, որի ականատեսն ենք մենք: Նաեւ կարծում է, որ դա «հետմարտիմեկյան շատ դաժան ու բարդ, երբեմն անկանխատեսելի զարգացումների պարագայում հանրապետության նախագահի շատ զուսպ, շատ հավասարակշռված, վերին աստիճանի հանդուրժողական քաղաքական վարքագծի հետեւանք է: Ոչ թե քաղաքական ուժի կամ ղեկավարի, քաղաքական զարգացումների պահի տակ կամ զարգացումների տրամաբանությամբ թելադրված վարքագիծ է, այլ ուղղակի հանրային կյանքի կազմակերպման կոնցեպտ, սեփական ընկալումներ ու պատկերացումներ, եթե կուզեք՝ սեփական աշխարհայացք՝ ինչպես պետք է երկրի որեւէ ղեկավար նույնպիսի ամենաբարդ պայմաններում հարաբերվի քաղաքական ընդդիմախոսների եւ հակառակորդների հետ: Սա հանրային կյանքին որակապես նոր ուղղություն, նոր բովանդակություն հաղորդելու հնարավորությունները արդյունավետ օգտագործելու հարց է: Ես հանրապետության նախագահի վարքագիծը այդպես եմ ընկալում, եւ դա ողջունելի է»:
Այլոք, սակայն, կարծում են, որ իր պատասխանով Սերժ Սարգսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել եւ ոչինչ ավելին: Խոսրով Հարությունյանը այլ կարծիքի է: «Փորձեք վերլուծել հանրապետության նախագահի վարքագիծը՝ սկսած 2008 թվականի մարտի մեկից, ու կտեսնեք, որ պատահական շեղումներ չկան: Կա երկրի նախագահ, որը ունի իր սեփական հստակ ու համոզված պատկերացումները հանրային կյանքի կազմակերպման հիմնական դերակատարների եւ նրանց փոխհարաբերությունների մասին, եւ նա քայլ առ քայլ շախմատիստին բնորոշ համբերատարությամբ եւ համառությամբ իրականացնում է դրանք»: Ու մեր առաջարկով դառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին՝ ՀՔԴՄ նախագահն ասաց, որ դրանք կլինեն ավելի քաղաքակիրթ, քան մինչ օրս: «Թեպետ շատ-շատերը, ինձ համար ոչ հիմնավոր կերպով, փորձում են ցեխ շպրտել 2008 թվականի նախագահական ընտրությունների վրա, այդուհանդերձ, դա մեր իմացած բոլոր ընտրական գործընթացների մեջ՝ սկսած 1995 թվականից այս կողմ, առաջինն էր եւ միգուցե միակը, որի ամբողջ ընտրապայքարի ժամանակ կողմերը իրենց մարտավարությունը կառուցել էին մեկ կարեւորագույն սկզբունքի հիման վրա. փորձել ընտրողին շահել, փորձել ընտրողին ներկայանալ ավելի շահեկան տեսանկյունից եւ դրանով նրան բերել ընտրական տեղամաս: Դրանով է բացատրվում, որ 2008-ի նախագահական ընտրությունները ունեին աննախադեպ մասնակցություն: Այդ ակտիվությունը հնարավորություն տվեց զերծ մնալ շատ տարածված եւ մեզ համար ավանդույթի վերածվող խախտումներից: Ընտրական նման ընթացքի տոն տվողն ու իրականացնողը Սերժ Սարգսյանն է: Բնական է, որ հանրային կյանքի այդպիսի պատկերացում ունեցող, ընկալող հանրապետության նախագահը հաջորդ ընտրությունների համար պակաս մտահոգ չպետք է լինի՝ հաշվի առնելով մարտի մեկի դառը փորձը որպես քաղաքական ժառանգություն: Եվ, անկասկած, պետք է հաշվի առնել, որ մեր հասարակությունը՝ թե ի դեմս նախագահի, իշխանությունների, թե ի դեմս ընդդիմության, մարտի մեկի ռեսուրս չունի: Ոչ ոք իրեն նման «շռայլություն», ներողություն այս բառի համար, չի կարող թույլ տալ: Հետեւաբար բոլորի շահերից է բխում փորձել քիչ թե շատ կառուցողական զարգացումներով գնալ ընտրությունների»:
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ երկրի ապագայից խոսող եւ այդ ապագան ուղղակիորեն քաղաքակիրթ, նորմալ ընտրական գործընթացներին կարող ընդդիմությունն ինքը, բնականաբար, պետք է դառնա այդ կառուցողական զարգացումների նախաձեռնողներից մեկը. «Հանրապետության նախագահի համագործակցության համար մեկնած ձեռքը, անկասկած, չի կարող մնալ անպատասխան: Այլապես հասկանալի չի լինի, թե ընդդիմությունը ինչ էր անում: Ամենը կվերածվի մի բանի՝ ընդդիմությունը այդ ամենը պատկերացնում էր որպես քաղաքական շոու: Բայց ընդդիմությունը կարող է ներկայացնել սեփական առավելությունները, դրական կողմերը: Մենք այդկերպ կարող ենք թեւակոխել որակապես նոր փուլ, եւ դա կապացուցի, որ մարտի մեկից դասեր քաղեցինք բոլորս: Հանրային օրգանիզմը պետք է առողջացնել, եւ այդ գործում ցանկացած ոք՝ շարքային քաղաքացուց մինչեւ ամենահայտնի քաղաքական լիդեր, պատասխանատվություններ է կրում: Կարծում եմ՝ հիմնական դերակատարները գիտակցում են դա»,- ամփոփեց Խոսրով Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել