Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ԲԱՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԻ՞ ԱՌԱՋԱԴՐԵԼ

Հունիս 22,2011 00:00

Անկարայում գտնվող լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Armar.
am-ի թղթակցի հարցերին, թե ինչպե՞ս կարող է Եվրոպական միության անդամ դառնալ մի երկիր, որն ունի փակ սահմաններ, ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ սահմանը՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների նախարար, գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշն ասաց. «Ես ենթադրում եմ, որ մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կգան համաձայնության ու միմյանց ձեռք կսեղմեն»: Լրագրողը նորից հարցրեց, որ եթե իրոք ուզում են դառնալ Եվրամիության անդամ՝ ինչո՞ւ են փակ պահում սահմանը, եւ Էգեմեն Բաղիշն ասաց. «Մենք շահագրգռված չենք սահմանը փակ պահելու, մենք կցանկանայինք բացել այն: Բայց Թուրքիան նաեւ ակնկալիքներ ունի իր հարեւաններից, եւ դրանցից մեկն է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք կբերի: Մենք չենք պատրաստվում ԵՄ անդամ դառնալ վաղը՝ բավական ժամանակ ունեք, որ իրար ձեռք սեղմեք, հետո բացենք սահմանը եւ նոր դառնանք Եվրամիության անդամ: Մենք չենք շտապում»: Հետեւած ճշտմանը, թե գուցե սահմանները բացեն ու նոր դառնան ԵՄ անդամ՝ Թուրքիայի կառավարության անդամը պատասխանեց. «Ես կուզենայի, որ դա այդքան հեշտ լիներ: Եթե դուք կարող եք համաձայնեցնել ԵՄ անդամների եւ Եվրոպական հանձնաժողովի հետ, որ Թուրքիան վաղը կդառնա Եվրոպական միության անդամ՝ բացելով Հայաստանի հետ սահմանը, կնստենք ու կքննարկենք, լա՞վ: Բայց դա այդքան էլ հեշտ չէ՝ կան շատ այլ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Սա ընդամենը խնդիրներից մեկն է: Եվ եվրոպացիներն իրականում շատ էլ չեն մտահոգվում այս հարցով: Հավատացեք ինձ՝ ես արդեն 12 տարի է՝ բանակցությունների մեջ եմ՝ ոչ ոք սահմանի հարց չի առաջադրել պաշտոնական հանդիպումների ժամանակ: Ձեր տեսանկյունից դա կարող է թվալ ամենակարեւոր հարցը, բայց եվրոպացիների տեսանկյունից կան շատ այլ գերակայություններ»:
Հ. Գ. «Առավոտի» թղթակցի հարցերին Էգեմեն Բաղիշի պատասխանները կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել