Նիդերլանդների Թագավորությունում իր այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել հոլանդացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Անվտանգության եւ արդարադատության հարցերով պետքարտուղար Ֆրեդ Թիվենի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են հայ-հոլանդական հարաբերությունների խորացումը անվտանգության, արդարադատության եւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտներում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր երկրում քրեակատարողական համակարգում, ոստիկանության եւ դատաիրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հոլանդական կողմի աջակցության մասին: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ հոլանդական պատվիրակության սեպտեմբերյան այցի ընթացքում կմշակվեն աջակցության, կարիքների գնահատման եւ փոխգործակցության մեխանիզմների հետ կապված ընթացակարգային խնդիրները:
Հաագայի Ազգային անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում անվտանգությանն առնչվող մարտահրավերների եւ ռիսկերի վերլուծության եւ գնահատման ժամանակակից համակարգ ներդնելու մասին: Կենտրոնի ղեկավար Ռոբ դե Վիկը նշել է, որ իրենց աջակցությամբ այդպիսի համակարգ է ներդրվել Ուկրաինայում, եւ կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով համագործակցություն սկսել Հայաստանում՝ նմանատիպ ժամանակակից եվրոպական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը Եվրոպական Միության առանցքային հարցադրումներից մեկն է, որը ներկայացվում է թե Հայաստանին, թե Արեւելյան Գործընկերության մյուս երկրներին: Նիդերլանդների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կառլ վան Ուֆորդի հետ քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում հայ-հոլանդական պարբերական կոնսուլտացիաների անցկացման խնդիրները, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու մասին: Խորհրդականի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայկական կողմի տեսակետները՝ նշելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, եւ որ թուրք-ադրբեջանական կողմերի կառուցողական դիրքորոշումների բացակայությունը խոչընդոտում է առաջընթացի գրանցման գործընթացին: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում փոխգործակցության եւ կայունության ամրապնդումը եւ ԵՄ-ի հետ սերտ գործակցությամբ բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը: