Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Ղարաբաղն օգտագործելու «վետո»-ի իրավունքը

Հունիս 22,2011 00:00

\"\"Արձագանք պատգամավորի հայտարարությանը

Ես ողջունում եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը, որի համաձայն՝ «հայկական կողմն առնվազն վերջին բանակցություններում հասել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի համաձայնությունը լինի առանցքային, իսկ Ղարաբաղի անկախ դիրքորոշումը՝ պարտադիր: Այսինքն՝ ուզեք, թե չուզեք, Ղարաբաղն արդեն դարձել է բանակցային կողմ, ընդ որում՝ օծվելով այդ գործընթացում վետոյի իրավունքով: Իսկ սա նշանակում է, որ աստիճանաբար անիմաստ են դառնում ԼՂ-ի՝ գործընթացից դուրս մնալու առնչությամբ արվող բոլոր քննադատությունները»:
Սա շատ պատասխանատու հայտարարություն է եւ հաստատում է այն իմ միտքը, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե անհնար կլինի անցնել ԼՂ խնդրի կարգավորման երկրորդ փուլին, այն է՝ Խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, փորձ է ԼՂ հակամարտության Հիմնարար սկզբունքների ընդունման պատասխանատվությունը դնել Ղարաբաղի վրա»: Նման պատասխանատվության բաշխումը կլիներ նվաճում Հայաստանի դիվանագիտության համար, եւ հենց Ղարաբաղի վրա պատասխանատվություն դնելով է, որ Հայաստանը կխուսափեր միջազգային ճնշումներից՝ Հիմնարար սկզբունքների ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում՝ մինչեւ Խաղաղության համապարփակ Համաձայնագրի ստորագրումը: Ուրախ եմ, որ 1998 թվականից հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք պատասխանատվությունը կրող ՀՀԿ-ն էլ վերջապես հասկացավ. եթե չլինի Ղարաբաղի պատասխանատվությունը, ապա Մադրիդյան փաստաթղթի (հրապարակվել է ՀԺ-ում, հունիսի 17-ին) տարբերակով ստորագրվելու դեպքում միջազգային հանրությունը կհամարի, որ տարածքները զավթել է այն պետությունը, որի ղեկավարը ստորագրում է այդ տարածքները վերադարձնելու պարտավորության տակ:
Միակ մտավախությունս այն է, որ այլ մարդկանց կողմից տրամադրված գրավոր տեքստը հրապարակող Ա. Զաքարյանը չի տիրապետում լիարժեք տեղեկատվությանը: Այլապես կնշեր, թե ինչպես է «Ղարաբաղը դարձել բանակցային կողմ», եւ որն է «Ղարաբաղի «վետոյի իրավունքի» կիրառման մեխանիզմը այն պայմաններում, երբ Հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններին ԼՂՀ նախագահն ու ԱԳ նախարարը չեն մասնակցել: Հայտնի փաստ է, որ ԼՂՀ իշխանությունները նշում են, որ նրանք պաշտոնապես չեն ստացել Մադրիդյան փաստաթուղթը: Եթե, այնուամենայնիվ, Ս. Սարգսյանը ստորագրեց փաստաթուղթը, ապա ինչպե՞ս է ԼՂ-ն իրագործելու «վետոյի իրավունքը», եւ արդյոք այն այլեւս ուշացած չի՞ լինի:
Հաշվի առնելով Է. Նալբանդյանի եւ Ա. Զաքարյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար առանցքային նշանակություն ունեցող հայտարարությունները՝ կոչ եմ անում լրատվամիջոցներին պարզել նրանցից եւ ԼՂ իշխանություններից «Հիմնարար սկզբունքներին համաձայնություն տալու» մեխանիզմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել