Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԵՐԺԻ «ՀԱՃԱԽՈՐԴԸ»

Հունիս 22,2011 00:00

Ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի  ղեկավար, «7 օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը

– Անցած շաբաթավերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանությունների հետ երկխոսելու եւ բանակցելու պատրաստակամությանն ու այդ նպատակով պատվիրակություն ձեւավորելու փաստին: Բայց, որքան հասկանում ենք, ՀԱԿ-ին դեռ ժամանակ է պետք Ս. Սարգսյանի հայտարարությունը «մարսելու», դրան արձագանքելու համար: Կարծում եք՝ ՀԱԿ-ը բավարարված կլինի՞ այդ արձագանքով, եւ իշխանության հետ նրա երկխոսությունն, այնուամենայնիվ, կկայանա՞:
– Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երկխոսությունը սկսվել էր առնվազն այս տարվա փետրվարից, եւ դա ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ Ս. Սարգսյանին անհրաժեշտ էր նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել, ինչը նա չէր կարողանում անել: Ի վերջո, Ս. Սարգսյանը դիմեց Լ. Տեր-Պետրոսյանի օգնությանը եւ ստացավ այդ օգնությունը:
 – Չեմ հիշում, թե Ս. Սարգսյանը Լ. Տեր-Պետրոսյանին երբեւէ դիմած եւ օգնություն խնդրած լինի, ու Տեր-Պետրոսյանն էլ՝ դրան արձագանքած:
– Եթե հիշում եք, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն իր ասուլիսում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ լարվածությանը եւ դա կապելով Ռոբերտ Քոչարյանի գործոնի հետ՝ հայտարարեց, թե ներիշխանական լարվածություն թույլ չեն տա, եւ որ ՀԱԿ-ը Հայաստանի ներքաղաքական կայունության երաշխավորն է: Այսինքն՝ նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ԲՀԿ լարվածության ֆոնին պաշտպանում է Սերժ Սարգսյանին եւ հանդիսանում է ներիշխանական կայունության երաշխավորը, ինչը նույնն է, թե՝ Տեր-Պետրոսյանը ներիշխանական լարվածության պայմաններում պաշտպանում է Ս. Սարգսյանին: Կոնգրեսում, ըստ էության, կողմ էին, որ ստորագրվեր կոալիցիոն մի հուշագիր, որով Ս. Սարգսյանն իր իշխանության վերարտադրության խնդիր էր լուծում: Եվ առնվազն ծիծաղելի եւ տարօրինակ էր, որ «ընդդիմություն» կոչվածը, որը 2008-ին հանդես էր գալիս «կազմաքանդենք իշխանական բուրգը» կարգախոսով, ասում էր, թե թույլ չի տա այդ իշխանական բուրգի փլուզումը: Ահա առնվազն այդ փուլից սկսած Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը երկխոսում են: Սերժ Սարգսյանն իր վերջին հայտարարությունում, ըստ էության, հաստատեց, որ ամիսներ շարունակ իշխանությունն ու ՀԱԿ-ը երկխոսության մեջ են եղել, թեեւ երկխոսության առաջարկը հնչեցվել էր շատ ավելի վաղ, երբ Տեր-Պետրոսյանը հիշել էր Եղիազար Այնթափեցուն եւ էջմիածնական միաբանների համագործակցության տխրահռչակ պատմությունը՝ ակնարկելով, որ նա պատրաստ է ընդունել Ս. Սարգսյանին եւ համակերպվել այն մտքի հետ, որ նա դեռ մի 10 տարի էլ ղեկավարի՝ միայն թե Սարգսյանը ինչ-որ կերպ ՀԱԿ-ին ընդգրկի իր շրջանակներում: Ս. Սարգսյանը չէր արձագանքում երկխոսության այդ առաջարկին: Բայց երբ արտաքին եւ ներքին ու հատկապես տնտեսական քաղաքականության ոլորտում նա եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը խայտառակ ձախողումներ արձանագրեցին եւ տապալեցին իրենց բոլոր, այսպես կոչված, նախաձեռնությունները, երբ ակնհայտ էր, որ Ս. Սարգսյանի լեգիտիմությունը կտրուկ անկում ապրեց ոչ միայն լայն հասարակության շրջանում, այլեւ իշխանության ներսում, նրան պետք եկավ «էջմիածնական միաբանը»՝ Լ. Տեր-Պետրոսյանը: Եվ ծնվեցին, այսպես կոչված, երեք պահանջները, որոնք փաստացի կատարված են, եւ ինչը, ի դեպ, ձեռնտու էր Ս. Սարգսյանին: Եվ ահա Տեր-Պետրոսյանը պաթետիկ տոնով հասարակությանը ներկայացրեց, թե ՀԱԿ-ը պահանջներ է ներկայացնում, իսկ Ս. Սարգսյանը դրանք կատարում է: ՀԱԿ-ն իր շարքերին փորձում էր համոզել, որ Ս. Սարգսյանը շտապում է կատարել Տեր-Պետրոսյանի պահանջները, որպեսզի դրանից անմիջապես հետո նստի բանակցությունների եւ քննարկի ՀԱԿ-ի կողմից իր հրաժարականի՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը: Տպավորություն էր ստեղծվում, թե Ս. Սարգսյանը մի մարդ է, որը պարզապես չգիտի ինչպես եւ ինչ արագությամբ հանձնել իր իշխանությունը: Դա պարզապես ծիծաղելի է, բայց Կոնգրեսը դրանով փորձում է «տաք» պահել իր շարքերը եւ չկորցնել իր՝ առանց այն էլ անընդհատ նվազող համակիրներին:
Հիմա ունենք այն, ինչ ունենք. Լ. Տեր-Պետրոսյանը պարզապես ցույց տվեց, որ ինքը մեծ հաշվով չի տարբերվում այն բոլոր հաճախորդներից, ովքեր այս կամ այն ժամանակահատվածում կատարել են «էջմիածնական միաբանի» դերը: Բայց, ի տարբերություն նախորդ հաճախորդների, մենք այժմ տեսնում ենք «հաճախորդացման» գործընթաց՝ ետեւում ունենալով 10 զոհեր, հարյուրավոր վիրավորներ եւ փողոցում մնացած խաբված մարդիկ, ովքեր մտածում էին, թե Տեր-Պետրոսյանը՝ պապին, մի բան գիտի, եւ որ նա ճկուն որոշում է կայացրել. պահանջներ է առաջադրել Ս. Սարգսյանին, ու նա էլ արագ հրաժարական է տալու եւ արտահերթ ընտրություններ է կազմակերպելու: Իրականում սա այն մեծագույն խաբեությունն էր, որին մենք ականատես ենք եղել վերջին տարիներին: Արդյունքում մենք ունենք քաղաքական մի դաշտ, որտեղ գործում է ապաշնորհ եւ անարդյունավետ գործող իշխանություն՝ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որը կարողանում է պահպանել իր դիրքերը եւ Հայաստանի համար լրջագույն մարտահրավերների առաջ կանգնեցնելով մեր երկիրը՝ միաժամանակ հաջողացնում է մնալ իշխանության ղեկին այն պատճառով, որ ունենք այնպիսի տիտղոսային ընդդիմություն, ինչպիսին այլեւս վարկաբեկված ՀԱԿ-ն է:
Բայց, կարծում եմ, իրադարձություններն առաջիկայում սրընթաց բնույթ կկրեն, որովհետեւ ներքաղաքական դաշտում առկա վակուումը պետք է լցվի:
– Հունիսի 30-ի հանրահավաքում ՀԱԿ-ը կվերանայի՞ իր մեղմ հռետորաբանությունն ու իշխանության հետ երկխոսության դռները կիսաբաց կթողնի՞, թե՞ հասարակության մոբիլիզացման ու, ինչպես ՀԱԿ-ականներն են ասում՝ «Սերժի մուբարաքացման» գործընթաց կսկսի:
– Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե ներքաղաքական լարվածության չի գնա, որովհետեւ դրանով Ադրբեջանի ջրաղացին ջուր կլցնի: Հիմա եթե ՀԱԿ-ը լարվածության գնա՝ իշխանությունները հանգիստ կարող են օգտագործել Տեր-Պետրոսյանի խոսքերը, եւ եթե նա, զուտ տեսականորեն, գնա կտրուկ քայլերի, ապա՝ իր իսկ ասելով, կդառնա «5-րդ շարասյուն»: Ս. Սարգսյանն աչքի լույսի պես պիտի պահի ու պահում է այսպիսի տիտղոսային ընդդիմություն ու Տեր-Պետրոսյանին՝ որպես այդ ընդդիմության առաջնորդի, որպեսզի կարողանա նույնիսկ իր ձախողումներից ու ապաշնորհ կառավարումից հետո պահել իր աթոռը: Բայց խնդիրն այն է, որ ներքաղաքական այս ստատուս-քվոն չի բխում ՀՀ շահերից, ուստի պետք է ամեն ինչ անել, որ քաղաքական լուսանցք մղվեն ե՛ւ Ս. Սարգսյանը, ե՛ւ Լ. Տեր-Պետրոսյանը՝ իրենց նեղ թիմերով, քանի որ երկուսն էլ արդեն քաղաքական եւ պատմական անախրոնիզմ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել