Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Հունիս 22,2011 00:00

Հայ-թուրքական խնդիրների կարգավորման այդ տարբերակի կողմնակիցն է  Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր հիմնական ուժի՝
Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըքչդարօղլուն:

ICFJ-ի «Նոր մեդիա, նոր մարտահրավերներ» ծրագրին մասնակցող հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների հետ Անկարայում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում մեծությամբ երկրորդ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըքչդարօղլուն դժգոհեց երկրում մամուլի ազատությունից՝ նշելով, թե թուրքական ԶԼՄ-ներն անկախ չեն, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը չի կարող քննադատվել մամուլի կողմից. «Թուրքիան միակ երկիրն է, որտեղ չտպագրված գիրքն առգրավվում է, եւ լրագրողը բանտում է հայտնվում չհրապարակված գրքի համար»: Նշեց նաեւ. «Դատական համակարգն էլ անկախ չէ, դատարանները կարող են բանտարկել ցանկացածի, ում վարչապետը ցանկանում է, որ հայտնվի բանտում»: Թեեւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը քննադատեց նաեւ իշխող կուսակցության վարած արտաքին քաղաքականությունը՝ ասելով. «Կառավարությունն ասում է՝ զրո պրոբլեմ հարեւանների հետ, բայց մի հարեւան չկա, որի հետ պրոբլեմ չունենանք», սակայն նշեց նաեւ, որ խորհրդարանական ընտրարշավի ընթացքում արմատական քննադատության չեն ենթարկել իշխող կուսակցության արտաքին քաղաքականությունը, քանի որ կարծում են՝ դա չի առաջնահերթ խնդիրը շարքային քաղաքացու համար: Սակայն որքանո՞վ են մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ տարբերվում այն տեսակետները, որ ունեն Թուրքիայի ընդդիմադիր ու իշխանական կուսակցությունները՝ կարող եք դատել այն պատասխաններից, որոնք Քեմալ Քըլըքչդարօղլուն տվեց «Առավոտի» հարցերին ի պատասխան:
– Հայաստանի ընդդիմադիր ուժերից մեկը՝ ՀՅԴ-ն, որը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին, նշում է, որ սեղանին պիտի դրվի արձանագրության կամ պայմանագրի նախագիծ, որտեղ ընդամենը ասված է. 1) Հայաստանն ու Թուրքիան որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ. 2) Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ճանապարհները. 3) Երկու կողմերը որոշել են իրենց միջեւ առկա բոլոր խնդիրները կարգավորել խաղաղությամբ՝ միջազգային իրավունքի համաձայն։ Նման բովանդակությամբ արձանագրությունները Ձեզ համար ընդունելի՞ կլինեին, թե՞ ոչ:
– Առաջին հերթին պետք է ասեմ, որ նրանք, ովքեր փորձում են լուծել այս խնդիրները՝ սեղանի շուրջ պետք է նստեն բարի կամքի առկայությամբ: Այն մասին, ինչ կատարվել է անցյալում՝ մենք կարծում ենք, որ որոշումներ պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: Արխիվները պետք է բացվեն, յուրաքանչյուրը պետք է կարողանա ուսումնասիրել դրանք ու դատել՝ արդյոք մե՞նք ենք մեղավոր, թե՞ ուրիշներն են մեղավոր, եւ հստակեցնել այս ամենն արխիվային փաստաթղթերի հիման վրա: Քաղաքական գործիչները կարող են անհաջող որոշումներ կայացնել միայն պատմական տվյալների հիման վրա: Կոռեկտ չէ այն, ինչ կատարվել է անցյալում, դարձնել հիմնական խոչընդոտը 21-րդ դարի Թուրքիայի եւ Հայաստանի համար:
– Կներեք, բայց ես չլսեցի իմ հարցի պատասխանը: Ես հստակ կետեր մատնանշեցի եւ կցանկանայի լսել Ձեր տեսակետը դրանց վերաբերյալ:
– Եթե դու սեղանի շուրջ ես նստում որոշ նախապայմաններով՝ դա չի նպաստի խնդիրների լուծմանը: Լուծման գլխավոր պայմանն է նստել սեղանի շուրջ՝ բարի կամք ունենալով հանգուցալուծելու խնդիրը: Մենք պետք է սեղանի շուրջ նստենք առանց նախապայմանների: Եվ մենք այդ սեղանի շուրջ պետք է հրավիրենք այլ մարդկանց էլ՝ ասենք, միջազգային հեղինակություն վայելող արտիստների, նրանք էլ կարող են մասնակցել: Բայց երբ ինչ-որ մեկն առաջադրում է նախապայմաններ սեղանի շուրջ նստելու համար՝ մյուս կողմն էլ կարող է պայմաններ առաջադրել, ու դա կտանի ոչ մի տեղ:
– Դուք փաստորեն քննադատում եք իշխող կուսակցությանը, սակայն Հայաստանի հետ հարաբերությունների հարցում բավական ընդհանուր տեսակետներ ունեք Էրդողանի հետ: Նույն բաներն եք ասում, ինչ իշխող կուսակցությունը՝ պատմաբանների հանձնաժողով եւ այլն:
– Աստված իմ, ոչ ոք չի կարող այդպես մեկնաբանել, թե այս հարցում մենք համաձայն ենք Էրդողանի հետ: (Այստեղ զրույցին միջամտեց կուսակցության փոխնախագահ, դիվանագետ Օսման Քորութուրքը եւ պարզաբանեց. «Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների լուծման համար չկան նախապայմաններ, իսկ վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե քանի դեռ Ղարաբաղի խնդիրը չի լուծվել՝ առաջընթաց չի լինի: Իսկ մենք ասում ենք՝ պետք է նստենք սեղանի շուրջ առանց նախապայմանների եւ սկսենք խոսել միմյանց հետ՝ տեսնելու համար, թե ինչ է պետք անել առաջ ընթանալու համար: Սա է հիմնական տարբերությունը».- Ա. Ի.):
Հ. Գ. Հայ այլ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թուրքիայի ընդդիմադիր ուժի ղեկավարն ասաց, որ ինքը չի փոխկապակցում ԼՂ հակամարտության կարգավորման ու սահմանի բացման հարցերը. «Դա նախապայման չէ սեղանի շուրջ նստելու համար», թեեւ նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցության ավելի արագ վերականգնման կնպաստի այն, որ «Հայաստանի կառավարությունը դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել