«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ «համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրազեն է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որեւէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար): Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջեւ ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության եւ Մայր աթոռի կողմից մոռացության մատնված հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով եւ դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով»:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է «այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի եւ մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, ինչպես նաեւ երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն»: