Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարը չի փոփոխվում

Հունիս 21,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը առաջատար եռյակի թիմերից միայն «Փյունիկին» հաղթանակ բերեց: Սակայն այդ հաղթանակը չեմպիոնին թույլ չտվեց բարձրանալ առաջին հորիզոնական: Պատճառը «Գանձասարի» ոչ-ոքին էր ու «Փյունիկի» էապես ետ մնալը նախորդ տուրերում:  Աբրահամ Խաշմանյանի «Գանձասարը» գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց «Իմպուլսի» հետ  մրցավեճը, ընդ որում՝ ոչ միայն պահպանելով առաջին հորիզոնականը, այլեւ՝ ավելացնելով միավորների տարբերությունը երկրորդ տեղում ընթացող «Ուլիսից»: Իսկ դրա մեղավորը «Միկան» էր, որ Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ առաջին իսկ խաղում կամային հաղթանակ տոնեց:
Խաղասկզբում «Ուլիսը» առաջ անցավ հաշվի մեջ՝ Արտյոմ Ադամյանի խփած գոլի շնորհիվ: Սակայն առաջին խաղակեսի վերջում Սեմյոն Մուրադյանի գոլը ստիպեց թիմերին ընդմիջման գնալ հավասար հաշվով: Իսկ արդեն երկրորդ խաղակեսի ավարտին «Միկայի» չինացի ֆուտբոլիստ Դոն Ֆանգժուն հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ թույլ տալով շրջանցել «Իմպուլսին»: Իսկ Վարդան Մինասյանի երրորդ հորիզոնականում հանգրվանած սաները միայն 11-մետրանոցի շնորհիվ կարողացան հաղթահարել «Արարատի» բարիկադները: Հարվածը դիպուկ իրացրեց Էդգար Մանուչարյանը: Ի դեպ, առաջին շրջանում այս երկու թիմերի հանդիպման ընթացքում Մանուչարյանը կրկին մոտեցել էր 11-մետրանոց նշակետին, սակայն այն ժամանակ հարձակվողի հարվածը ետ էր մղվել դարպասաձողից: Այդ խաղում եւս երկու գոլի հեղինակ էր դարձել Մարկոսը, ով իր մեկ այլ թիմակից՝ Գեւորգ Ղազարյանի հետ արդեն «Փյունիկի» նախկին խաղացող է: Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Դոնեցկի «Մետալուրգում» փորձաշրջան անցած մեր երկու  ֆուտբոլիստները երեք տարվա պայմանագիր են ստորագրել ու միացել իրենց նախկին ու ներկա խաղընկերոջը՝ Կառլեն Մկրտչյանին:
Այսպիսով, «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի ընտրական փուլից առաջ կամավոր զրկվեց իր հարձակվողական հիմնական ուժերից, ինչը, առաջին հայացքից, ի վնաս մեր չեմպիոնի է: Սակայն հետագա զարգացման միանշանակ լավ հող է թե Ղազարյանի, թե Մարկոսի համար, ովքեր, ընդունենք, որ արդեն շատ երկար ժամանակ է, ինչ Հայաստանի առաջնությունում չէին աճում:
Ինչ վերաբերում է մեր առաջնությանը, ապա տուրի վերջին խաղում ուժերը չափեցին «Բանանցն» ու «Շիրակը»: Հաղթելով գյումրեցիներին՝ «Բանանցը» հնարավորություն էր ունենալու շրջանցել վերջիններիս՝ դուրս գալով մրցաշարային աղյուսակի հատակ ձգող նախավերջին հորիզոնականից: Սակայն ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը պահպանեց թիմերի նախկին դասավորվածությունը: Արդեն հաջորդ տուրում՝ առաջիկա հանգստյան օրերին, Ռաֆայել Նազարյանի թիմին սպասելու է առաջատար «Գանձասարը» ու դժվար է ենթադրել, որ «Բանանցը» դուրս կպրծնի այս տարվա իր բաժին անդունդից ճիշտ այնպես, ինչպեսեւ «Արարատը», որը հյուրընկալելու է «Շիրակին»:  Մյուս երկու խաղերում մրցելու են «Միկան» եւ «Փյունիկը», «Իմպուլսը» եւ «Ուլիսը»:
Մրցաշարային աղյուսակ
(13-րդ տուրից հետո)
1 Գանձասար 13 26
2 Փյունիկ 13 24
3 Ուլիս 13 24
4 Միկա 13 18
5 Իմպուլս 13 18
6 Շիրակ 13 13
7 Բանանց 13 12
8 Արարատ 13  6

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել