Լրահոս
Օրվա լրահոսը

Չկայացած տապալում

Հունիս 21,2011 00:00

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի  Նաիրա Առաքելյանը «մատ արեց»

\"\"
Լեոնորա-Ն. Առաքելյանն ու Մանրիկո- Ռ. Նուրիջանյանը:

Օրերս Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի հերթական ներկայացումը: Անվանի բեմադրիչ Նորայր Սարգսյանի իրականացրած բեմադրությունը (1989թ.) թատրոնի խաղացանկում պահպանվել է երկար (1995թ.): 2000թ. հիշյալ ներկայացումը վերականգնել է ռեժիսորի դուստրը՝ Մարինա Սարգսյանը:
Եթե առհասարակ մարդիկ օպերա լսելու են գնում այս կամ այն երգչի հաջողությանը, դիրիժորի կամ բեմադրիչի համարձակ լուծումներին ականատես լինելու, ապա այս անգամ շատերը եկել էին տեսնելու, թե ինչպիսի «շռնդալից» ձախողում է ունենալու օպերային թատրոնի մեներգչուհի Նաիրա Առաքելյանը, ում համարում են սկանդալային… Մոտ տասը տարի հանդիսանալով օպերային թատրոնի մեներգչուհի, «Տրուբադուրում» գլխավոր հերոսուհի Լեոնորայի դերերգը կարելի է համարել նրա առաջին լուրջ բեմելը: Նաիրա-Լեոնորան հիասթափեցրեց իր տապալումը սպասողներին: Իհարկե, երկար տարիներ միայն փոքրիկ դերերգերով հանդես գալը կամ բեմական անփորձությունը խանգարում էին նրան, սակայն վոկալի առումով ամբողջական էր նրա կատարումը:
Այս բեմադրությունը չի կորցրել ռեժիսորական լուծումների թարմությունը. Հարություն Արզումանյանի գլխավորած նվագախմբի հնչողությունը նպաստեց այն բանին, որ հավուր պատշաճի ներկայացվեց Վերդիի երաժշտությունը: Այս հոդվածում չենք անդրադառնա հիշյալ օպերային բեմադրության մեջ մյուս գլխավոր դերերգերով հանդես եկող Ռուբիկ Նուրիջանյանին, Լիլիթ Գրիգորյանին, Առնոլդ Քոչարյանին, ինչպես նաեւ երգչախմբին, քանի որ, ինչպես միշտ, նրանք ներկայացրին բարձր արվեստ:
Ողջ բեմադրությունը իրականացված էր կիսախավար բեմում: «Աիդայի» փառահեղ լուսային ձեւավորումը տեսնելուց հետո, տարակուսում ես, թե ինչպե՞ս կարելի է «Տրուբադուրը» ամբողջությամբ ներկայացնել առանց լուսային լուծումների: Հյուգոյի եւ Վերդիի պատկերած միջավայրը հանդիսատեսին էր հառնում հին ու մաշված դեկորներով, զգեստներով:
Այնուամենայնիվ, այս ներկայացումը հաստատեց արվեստագետների շրջանում շրջանառվող այն խոսակցությունը, որ օպերային թատրոնի տնօրինությունը, չնայած երաժշտական կամ գեղարվեստական ղեկավարի բացակայությանը, կարողանում է սուղ միջոցներով հասնել ցանկալի արդյունքի:
Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Առավոտին» ասաց, որ նախատեսված է գալիք թատերաշրջանում թարմացնել ոչ միայն «Տրուբադուրի» դեկորներն ու զգեստները, այլեւ «Տրավիատայինն» ու «Ժիզելինը»: Ինչ վերաբերում է ներկայացման մեջ լուսային լուծումների բացակայությանը, պարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ բեմադրիչ Մարինա Սարգսյանն ի սկզբանե այդպես է վերականգնել:
Կ. Հովհաննիսյանը «Առավոտին» մեկնաբանեց նաեւ այն լուրերը, թե իբր ինչ-ինչ պատճառաբանություններով հրաժարվում է վճարել բալետային խմբին Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի պրեմիերայից հետո: Նա նշեց, որ ներկայացման մեջ ընդգրկված բոլոր արտիստները արդեն ստացել են նախատեսված վճարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել