Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆԹԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հունիս 21,2011 00:00

Իսկ ո՞վ է պատասխան տալու չկայացած ցուցահանդեսի  եւ Հայաստանի վարկանիշին «խփելու» համար

\"\"

Օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնական գրասենյակում կայացած միջադեպը բուռն արձագանք առաջացրեց:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ հունիսի 15-24-ը կազմակերպել է «Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարեր» խորագրով ցուցահանդես, որի ժամանակ խաչքարերի ծագումնաբանության մասին ինֆորմացիան հանվել էր լուսանկարների տակից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինությունը հեռացրել էր բացատրական գրությունները՝ թողնելով միայն խաչքարերի ստեղծման տարեթվերը: Հայկական պատվիրակությունը համառել էր, ի պատասխան դրա, սրահից դուրս էր տարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, բացման արարողությանն էլ ղեկավարությունը չէր ներկայացել: Մամուլում զանազան որակումներ արվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին՝ սկսած նրա վրա՝ նավթի վաճառքից ստացված փողի իշխանությամբ եւ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրբան Ալիեւայի հզոր կապերով, գրաքննություն իրականացնելուց, վերջացրած մշակութային արժեքների կեղծ ջատագով լինելով: Այնուհետեւ ՀՀ մշակույթի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե չի պատրաստվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտոնական բողոք ներկայացնել: Մասնավորպես, PanARMENIAN.Net -ին մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը ասել էր, թե կատարվածը դժգոհությունների ալիք է բարձրացրել ֆրանսաբնակ հայերի եւ ֆրանսիական հանրության շրջանակներում, սակայն հայկական կողմը առայժմ ոչ մի դիմում չի ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Հետաքրքիր է, եթե սկանդալն իսկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեղքով էր, ընդդեմ նրա սկզբունքների, ինչո՞ւ ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնպահ մնաց բողոք ներկայացնելուց:
Կապվեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանի հետ ու խնդրեցինք մեկնաբանել. ի վերջո ո՞վ է մեղավոր՝ ՅՈՒՆԵՍԿՕ՞-ն, ազգային հանձնաժողո՞վը, ԱԳ նախարարությո՞ւնը, թե՞ մշակույթի նախարարությունը: Տիկին Մեհրաբեկյանը հրաժարվեց մեկնաբանել:
Բանն այն է, որ մեր պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, կրկին փնթի է աշխատել, ինչպես անցյալ տարի նոյեմբերի 17-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկը համալրվում էր աշխարհի 47 ժողովուրդների մշակութային ավանդույթներով: Տիկինը այդ ժամանակ էլ ոչ ճկուն աշխատելու ու ոչ բավարար տեղեկացված լինելու պատճառով ադրբեջանական պատվիրակության հետ լեզվակռվի մեջ էր մտել:
Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, հայկական կողմը պետք է նախապես ներկայացներ ցուցադրվելիք խաչքարերի ցանկը եւ լուրջ աշխատանք տաներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան բաժանմունքների հետ, մանավանդ՝ այնտեղ ամեն երկիր ունի իր մշտական ներկայացուցչությունը, եւ, ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատաոճի հիմքում պետությունների վարչական բաժանումներն են: Մշակույթի նախարարությունը, որն իր վրա էր վերցրել կազմակերպչական առաքելությունը, մեր տեղեկություններով, անգամ չի խորհրդակցել ԱԳՆ-ի հետ, եւ ցուցահանդեսը կազմակերպել է «ոտքի վրա»: ՅՈՒՆԵՍԿՕ-ն լուրջ կառույց է եւ նրա հասցեին արված որակումները խփում են ոչ թե Արեւ Սամուելյանի կամ մյուսների, այլ պետության վարկանիշին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել