Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հունիս 21,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, այդ երկրում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր դրանք դաժանորեն ճնշելուց երկու ամիս հետո, առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին: Սիրիական պետական լրատվական գործակալությունը հաղորդում էր, թե նրա ելույթը նվիրված է լինելու երկրում ստեղծված իրավիճակին:
Նախորդ անգամ իր ելույթում Ասադը հայտարարել էր որոշակի զիջումների գնալու մասին, բայց դրանք ընդդիմության հետ հակամարտությունը չէին լուծել եւ չէին բավարարել նախագահի անհապաղ հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարների ակնկալիքները:
Երկրի հյուսիսում այսօր էլ շարունակվում են ապստամբների եւ սիրիական բանակի զորքերի միջեւ բախումները: Հազարավոր սիրիացիներ այսօր էլ ապրում են Թուրքիայի հետ սահմանի մոտ կառուցված վրանային ավաններում: Սիրիացի փախստականների ասելով, բանակը փակել է Բդամա քաղաքի հետ սահմանը, որով փախստականները Ջիսր էշ-Շուգուրայից սննդամթերք էին ստանում:
Ասադի ուղերձի մասին խոսվել է այն բանից հետո, երբ ընդդիմության ակտիվիստները նախօրեին հայտարարել են ռեժիմի հետ պայքարը համակարգող հատուկ կազմակերպություն՝ Ազգային խորհուրդ ստեղծելու մասին: Խորհուրդը կոչ է արել «Սիրիայի բոլոր նահանգներում եւ քաղաքներում ապրող բնակչությամբ համագործակցել իր հետ՝ իրականացնելու համար իրենց օրինական նպատակները՝ ռեժիմը տապալելու եւ Ասադին դատելու նպատակով»:
Իսկ Ասադը ժողովրդին ուղղած իր ուղերձում ասել է, թե՝ երկրի բնակիչներն իրենք պետք է լուծեն Սիրիայի խնդիրները, որ «Սիրիան գտնվում է անցյալն ապագայից տարանջատող շրջադարձային փուլում»: Ընդսմին, Սիրիայի նախագահը շեշտել է, որ իրենց կարծիքը հայտնելու օրինական իրավունք ունեցող ցուցարարների եւ վանդալիստների միջեւ պիտի տարբերակում լինի: Նա ցավակցություն է հայտնել զանգվածային հուզումների ընթացքում զոհվածների ընտանիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել