Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ՍԽԱԼՆ ՈՒ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Հունիս 21,2011 00:00

\"\"ՆԱՏՕ-ն ընդունել է, որ ավիահարվածներ է հասցրել Տրիպոլիի այն տան ուղղությամբ, որտեղ, լիբիական իշխանությունների ասելով, 9 քաղաքացիական անձ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը, որի մատուցմամբ, տեղի ունեցած միջադեպը, ըստ ամենայնի, կսրի Լիբիայում գործողությունների արդյունավետության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կասկածները: Հյուսիսատլանտյան դաշինքը առաջին անգամ է այդքան բացեիբաց համաձայնել առաջադրված մեղադրանքներին, ըստ որոնց, ՆԱՏՕ-ի ավիառմբահարումների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում: ՆԱՏՕ-ում արդեն իսկ հակասություններ կան, որոնք պայմանավորված են Լիբիայում գործողությունների՝ սպասվածից ավելի տեւական ժամկետներով եւ միջոցների օգտագործմամբ:
Ալյանսի երեկ տարածած հայտարարության մեջ ասված է, որ ռմբահարման թիրախը եղել է զինվորական օբյեկտը, բայց, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տեխնիկական սխալ. «ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար եւ մեծ զգուշավորությամբ է հարվածներ հասցնում սեփական ժողովրդի դեմ բռնություն կիրառող ռեժիմին»,- ասել է ՆԱՏՕ-ի լիբիական գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շարլ Բուշարը՝ հավելելով, որ թեեւ միջադեպի բոլոր մանրամասները դեռ ճշտվում են, բայց նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը կարող էր սպառազինության համակարգի խափանումը լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել